«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ամփոփեց ԱԺ ավարտված նստաշրջանի ընթացքում կատարված աշխատանքը՝ նշելով, որ իրենց խմբակցության համար շարունակում է առաջնահերթ մնալ Արցախը, Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և բանակի հետ կապված խնդիրները, լրագրողների հետ զրույցում Օհանյանը նշեց, որ ընթացիկ ժամանակահատվածում «Հայաստան» խմբակցությունը ակտիվ մասնակցություն է ունեցել նիստերում քննարկված բոլոր հարցերին, իր տեսակետներն է արտահայտել բոլորի վերաբերյալ։
«Առավել կարևոր հարցեր կան, որի նկատմամբ մեր շեշտադրումները կարևոր էին և որոնք մենք նախաձեռնել էինք։ Առաջին հերթին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի կողմից պարբերաբար փակվող Լաչինի միջանցքի վերաբերյալ մեր հայտարարության քննարկումները, որոնք, կարծում եմ, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ բոլորիս գործունեության առանցքում պետք է լինեն Արցախը և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։ Երկրորդը՝ մեր կողմից նախաձեռնված հրատապ փակ նիստն էր բանակում ստեղծված իրավիճակի և այն անելիքների վերաբերյալ, որ անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ փարատվել են այն բոլոր տեսակետները, որ բանակը գտնվում է նույն վիճակում, բանակը հանդիսանում է մեր անվտանգության կարևորագույն երաշխավոր»,- ընդգծեց Օհանյանը։