Մեզ կտրուկ և կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ: Այս մասին այսօր ՕՐՕ դաշինքի քարոզարշավի իր ելույթում ասաց դաշինքի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
Նա իր ելույթում օրինակ բերելով մեր հարևան Վրաստանին՝ նշեց, որ մեզ էլ են պետք նման փոփոխություններ, ինչ եղավ Վրաստանում. «Վրաստանը չափազանց կոռումպացված, կիսագողական ժողովրդով, թույլ կառավարմամբ, զարգացման տեսլական չունեցող երկիր էր: Սահակաշվիլին կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացրեց, որոնք տվեցին իրենց արդյունքը: Գրեթե իսպառ վերացավ կոռուպցիան, պետական համակարգը առաջատար չափանիշներով սկսեց ղեկավարվել: Իր իսկ ժողովրդի համար տնտեսությունը սկսեց զարգանալ: Դրանից հետո Վրաստանում արդար ընտրություններ եղան, որի արդյունքում փոխվեց իշխանությունը: Սահակաշվիլին իր տեղը զիջեց, եկան նոր ուժեր, որոնք նորից ապահովում են երկրի զարգացումը, բայց առանց այն սխալների, որը Սահակաշվիլին էր թույլ տվել»,- ասաց նա:
Սեյրան Օհանյանն իր ելույթում ընդգծեց, որ մենք հետ ենք մնում մեր հարևան երկրից և մեզ ևս պետք են այդպիսի փոփոխություններ: