Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են: Վերջիններս որպես վկաներ հարցաքննվել են ոչ թե Մարտի 1-ի գործի շրջանակում, այլ բոլորովին ուրիշ քրեական գործով։
ԼՈւՐԵՐ․com-ը տեղեկացրել էր, որ չի բացառվում՝ նրանք հարցաքննվել են երկաթգծի հափշտակության գործով, որի հետ կապված էլ քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի դեմ Սեյրան Օհանյանի փաստաբանը դիմում էր ներկայացրել ոստիկանություն։ ՀՔԾ–ի մամուլի ծառայությունից էլ հրաժարվեցին հաստատել տեղեկությունը՝ նշելով, որ չեն մեկնաբանում։
Սակայն մեր աղբյուրը հաստատեց տեղեկությունները՝ Սերժ Սարգսյանի ու Սեյրան Օհանյանի առերես հարցաքննությունը իսկապես տեղի է ունեցել Մեղրի-Կապան հատվածի երկաթգիծն ապամոնտաժելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում:
Նշենք, որ նախնական քննության տվյալներով՝ Տրանսպորտի և կապի նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված կոնցեսիոն պայմանագրի հիման վրա՝ 01.06.2008թ. հանձնման-ընդունման ակտերի համաձայն՝ Երևան-Բաքու երկաթգծի Մեղրի-Կապան հատվածը՝ շուրջ 40 կմ. երկարությամբ, հանձնվել է ընկերությանը՝ 126.590.817 դրամ մնացորդային արժեքով, սակայն 2010-2011 թվականների ընթացքում երկաթգծի նշված հատվածն ամբողջությամբ ապամոնտաժվել և հափշտակվել է:
Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ պատճառված հնարավոր նյութական վնասի առկայությունն ու դրա չափը, ինչպես նաև քրեական գործով նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից ՍՊԸ-ում նշանակվել է ստուգում, որի կատարումը հանձնարարվել է Պետական եկամուտների կոմիտեին:
Փաստորեն, քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ, որտեղ էլ հանգամանալից քննություն է իրականացվում գործի հետ առնչություն ունեցող անձանց միջև։