ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում մայիսի 10-ին գրանցված միջադեպի կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր: Նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման, զորամասի հրամանատարների եւ բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել:

 

Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության' մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ, հանձնարարել պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկությունները եւ անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար:

 

Նախնական տվյալների համաձայն' մայիսի 10-ին' ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը' գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է: