ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը օրեր առաջ Հատուկ քննչական ծառայությունում առերես հարցաքննվել են:ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը փոխանցեց, որ չեն մեկնաբանում այս տեղեկությունը։
Թեև ՀՔԾ-ն չի նշում, թե ինչ հոդվածով է հարուցվել քրեական գործը, սակայն ըստ տեղեկությունների՝ այն կապ չունի Մարտի 1-ի գործի հետ և խոսքը բոլորովին այլ քրեական գործի մասին, որտեղ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը ներգրավվել են որպես վկա:
Առերես հարցաքննության ու քրեական գործի վերաբերյալ տեղեկություններ մեզ չհաջողվեց ճշտել ո՛չ Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանից, ո՛չ Սեյրան Օհանյանից, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից։ Վերջիններս համառորեն չէին պատասխանում մեր զանգերին:
Նշենք, որ երեկ էլ քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը հրավիրվել էր 6-րդ վարչություն՝ Սեյրան Օհանյանի դիմումի համաձայն։ Խոսքը վերաբերում էր ֆեյսբուքի մի գրառման, որի մեջ Սամսոնյանը՝ անդրադառնալով ինչ-որ երկաթգծի գործով Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված Սեյրան Օհանյանին գրել է․ «Լավ գեներալը իր Գերագույն գլխավոր հրամանատարի վրա չի փորձի ցուցմունքներ գրել՝ լավ իմանալով, որ իշխանությունները դրան են սպասում, ուրեմն լավ գեներալ չէ»:
Նկատենք, որ օրերս Սեյրան Օհանյանի փաստաբանը դիմել է 6-րդ վարչություն՝ հայտարարելով, որ Սամսոնյանը տիրապետում է նախաքննական գաղտնիքի և հրապարակել է նախաքննական գաղտնիք: Թե ինչ գործի մասին է խոսքը՝ այս դեպքում ևս չի նշվում և չի բացառվում, որ հենց այդ գործի շրջանակներում են առերեսվել Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը։
Սոնա Հարությունյան