Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց՝ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) որպես վկա «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել է:Մակինյանը հրաժարվեց ասել՝ արդյոք երրորդ նախագահն էլի է հրավիրվել հարցաքննության։ «Նախաքննության գաղտնիքով պայմանավորված գտնում ենք, որ այս փուլում այդ տվյալները հրապարակման ենթակա չեն», - հայտարարեց փաստաբանը:

Չմանրամասնեց նաև՝ քանի անգամ է Սարգսյանը հարցաքննվել: Մամուլը, հիշեցնենք, երկու հարցաքննության մասին է գրել՝ փետրվարի 1-ին ու 7-ին տեղի ունեցած, դրանք երկուսն էլ, ըստ հրապարակումների, բավականին երկարատև են եղել՝ մինչև 6-ժամանոց։ ՀՔԾ-ն օրեր շարունակ այս լուրերը չի հերքում, բայց մանրամասներ էլ չի ներկայացնում:

«Ազատություն»․ - Ի՞նչ հարցեր են քննիչները տալիս Սերժ Սարգսյանին։ Շրջանակը կմանրամասնե՞ք։

Ամրամ Մակինյան․ - Ցավոք, այս պահին իրավասու չեմ մանրամասնել շրջանակը՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ։ Կարող եմ անդրադառնալ մի հարցի, որը շրջանառվում է մամուլում, թե պարոն Սերժ Սարգսյանը մեղադրող ցուցմունքներ է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ․ հերքում եմ, դրանք միանշանակ սուտ են և ոչ իրական, այսպիսի ցուցմունքներ պարոն Սարգսյանը չի տվել։

«Ազատություն»․ - Իսկ ի՞նչ ցուցմունքներ է տվել։ Ինչ-որ մեկի դեմ տվե՞լ է։

Մակինյան․ - Ես ասացի, որ չեմ կարող բովանդակային առումով հրապարակել՝ ինչ ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանը: Իսկ «դեմ»-ը գնահատողական կատեգորիա է։ Դուք մի գնահատեք այն, ինչ դեռևս չգիտեք:

«Ազատություն»․ - Ինչո՞ւ եք ինչ-որ մաս հրապարակում եք, ինչ-որ մաս՝ ոչ, եթե ասում եք՝ նախաքննական գաղտնիք կա։

Մակինյան․ - Ես չեմ հրապարակում ոչինչ, հերքում եմ այն, ինչը հրապարակված է։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: