«Սերժ Սարգսյանի ասուլիսը ասուլիս էր ոչնչի մասին։ Նրա խոսքերը նախորդ բոլոր խոսքերի և գործերի հետ հակասությունների մեջ են մտնում։ Ես մեկ օրինակ կբերեմ՝ Ապրիլյան դեպքերի հետ կապված՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ իրենք տեղեկություն չունեին հետախուզությունից հարձակման մասին, սակայն 2016 թ․ ապրիլին այն ժամանակ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն կառավարության հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ունեցել են տեղեկություն, տիրապետել են ինֆորմացիային, և հենց դա է օգնել, որպեսզի կազմակերպեն պաշտպանությունը», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի ասուլիսին։

 

Սերժ Սարգսյանն ասաց, որ 2016 թ․ ապրիլյան իրադարձությունների օրերին Ադրբեջանի թռչող սարքերը Ստեփանակերտ չեն հասել՝ ինչին ի պատասխան՝ կոշտ արձագանքեցին Արցախից և հիշեցրին 3-րդ նախագահին ապրիլի 8-ին ՊԲ հակաօդայինների կողմից ոչնչացված հակառակորդի անօդաչու սարքը, որից նաև լուսանկարներ կան համացանցում։ Պողոսյանի խոսքով, այս և այլ հակասություններ բոլորը կտեսնեն հանձնաժողովի զեկույցը ներկայացնելուց հետո․ «Կոնկրետ այս երկու արտահայտիչ անճշտությունները, եթե չասենք կեղծ տեղեկատվությունը, որ տրվեց, հանրային և հայտնի դեպքեր են, որոնք ոչ մի գաղտնիություն չեն պարունակում։ Դրա մասին ասվել է և՛ ԱԺ ամբիոնից, և՛ Արցախի կողմից, դա խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ խոսում էր բաների մասին, որոնք ապացուցում են՝ ինքը ինչպես այն ժամանակ, այժմ էլ չի տիրապեում իրավիճակին»,- նշեց նա։ 

Թե ինչո՞վ էր պայմանավորված Սերժ Սարգսյանի կողմից այս պահին ասուլիս հրավիրելը և արդյո՞ք ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների ամփոփման հետ էր կապված հարցին՝ իմքայլական պատգամավորը պատասխանեց․ «Գրեթե վստահ եմ, որ ասուլիս հրավիրելը մեր աշխատանքների հետ էր կապված, բայց դա չի կարող որևէ ազդեցություն ունենալ մեր եզրակացության վրա։ Մենք մեկ տարուց ավել աշխատել ենք հանձնաժողովում, եղել ենք անաչառ, որևէ ձև չենք քաղաքականացրել և մենք զեկույցում լինելու ենք անկաշկանդ ու անկողմնակալ»,- ասաց Պողոսյանը։ 

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստովանել է, որ վրիպել է՝ ասելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ զինտեխնիկան վառելիքի խնդիր է ունեցել և, թե ինչ է ասել Կարեն Կարապետյանը այդ մասին հանձնաժողովի նիստի ժամանակ՝ Պողոսյանն ասաց․ «Շատ հետաքրքիր է, որ 2 տարի՝ ապրիլյան գործողություններից հետո, երբ նա նախագահ էր, որևէ անգամ չի ասել, որ Կարապետյանը վրիպել է ու այդ մասին բարձրաձայնում է միայն 4 տարի հետո։ Հետևաբար, տպավորություն է առաջանում, որ Սերժ Սարգսյանի կառավարության ժամանակ ոչ ոք մյուսից տեղյակ չի եղել։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, թե այդ օրերին հանցավոր անգործությամբ են զբաղված եղել բոլորը»։ 

Քրիստինե Պողոսյանը խոսքը եզրափակեց՝ շնորհավորելով Ազգային հերոս Սանամյանին այսօր շնորհված կոչման կապակցությամբ․ «Ի տարբերություն նախորդ տարիների, որ հարգանքի արժանանում էր բարձր սպայական կազմը, և մարդիկ կոչումներ էին ստանում մահանալուց հետո միայն, ես հպարտանում եմ, որ այսօր զինծառայողներն իրենց կատարած աշխատանքի համար ներքևից մինչև վերև կոչումներով արժանանում են հարգանքի տուրքի և շնորհակալության»,- նշեց Քրիստինե Պողոսյանը։

Սոնա Հարությունյան