«Մարդիկ արդեն գիտեն, որ իրենց ձայնը լսելի է: Նրանք մտավախություն չունեն, որ ոստիկանությունն իրենց բերման կենթարկի, ինչպես նախկին իշխանության ժամանակ էր` ամեն բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվողներ էին լինում»,- ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը` անդրադառնալով Հայաստանում բողոքի ակցիաների շատացմանը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Օպերայի սրճարաների ապամոնտաժման հետ կապված բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվողներ եղան, պատգամավորը պատասխանեց. «Որովհետև այդ ժամանակ կոնկրետ գործընթաց էր ընթանում իրավական, այսինքն մարդիկ իրենց բողոքի ձայնը չէին բարձրացնում, այլ կոնկրետ խոչընդոտում էին աշխատանքներին: Երբ դու քո բողոքի ձայնն ես բարձրացնում, դա մի հարթություն է, և մեկ այլ հարթություն է, երբ դու խանգարում ես օրինական գործընթացին: Օրինական գործընթացները խանգարելու դեպքում ոստիկանությունը ստիպված է նման միջոցներ կիրառել»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Հարցին, թե արդյո՞ք իրականացվող բողոքի ակցիաների մեջ շատ են անհիմն պատճառով ակցիաներ կամ, գուցե իսկապես կան խնդիրներ, որոնք այդպես էլ լուծում չեն գտնում և մարդիկ պահանջում են լուծել դրանք, պատգամավորը ընդգծեց. «Ես ինձ իրավունք չեմ վերապահի գնահատել՝ ցույցերն անհիմն են, թե հիմնավոր. մարդիկ իրենց ձայնն են բարձրացնում: Չկան այնպիսի հարցեր, որոնք իրենց լուծումը չեն գտնում, և ես մի բան կասեմ՝ եթե նախկին համակարգում էլ լիներ այսօրվա ազատությունը՝ ամբողջ Հայաստանը ցուցարարների կվերածվեր, ինչպես որ եղավ նախորդ տարվա ապրիլ ամսին»,-եզրափակեց Հովակիմյանը:

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ