Սերժ Սարգսյանը նոյեմբերի 8-ին Հանրապետության ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց ուշադրությունն է հրավիրել ժողովրդագրական իրավիճակի (մինչև 2040 թվականը) բարելավման ռազմավարական հիմնադրույթների վրա:
Նախագահը հանձնարարել է արտացոլել դրանք մինչև 2030թ. Հայաստանի զարգացման ռազմավարության մեջ՝ սահմանելով համապատասխան բաղադրիչներ և հնգամյա թիրախներ՝ հետագա ծրագրերի մշակման ու իրականացման համար: Ակնհայտ է, որ հիմնական միջոցը լինելու է հայրենադարձության կամ ներգաղթի կազմակերպումը, որովհետև բնական աճի ցուցանիշով Հայաստանը ոչ միայն չունի երկու տասնամյակում 1 միլիոն աճ տալու թվեր, այլև նույնիսկ գտնվում է բնակչության նվազման սպառնալիք պարունակող դիապազոնում:
Բայց անգամ հայրենադարձության միջոցը պահանջում է ռացիոնալ շարադրանք, թե՝ որ հանգրվանում ինչ իրավիճակներ են նախատեսվում, դրանց հասնելու ինչ ծրագրային գործողություններ, ռեսուրսներ կան և այլն: Այդպիսիք չկան, կա միայն հռչակագիր: Խնդիրը, սակայն, այն է, որ իշխանությունը հռչակել է ինչ-որ մեծ, շատ կարեւոր եւ անհրաժեշտ նպատակ, սակայն կարծես թե նույնիսկ ինքը չի ցուցաբերում այդ նպատակի շուրջ հանրային քննարկումներ ծավալելու շահագրգռություն, ջանք:
Խորհրդակցության ընթացքում նախագահը մեկ այլ կարևոր ուղերձ է հնչեցրել՝ բավականին թափանցիկ ակնարկելով, որ չի պատրաստվում թողնել պետության առաջին դեմքի դիրքերը, զիջելով դրանք որևէ մեկին: Բայց դա չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու հարցում Սարգսյանն արդեն իսկ ունի կայացրած որոշում: Սերժ Սարգսյանն արել է մի հայտարարություն, որն ունի բավականին ուշագրավ տողատակ նրա քաղաքական ծրագրերի կամ պլանների առումով: «Նախանշված թիրախային նպատակին հասնելը պետք է լինի Հայաստանի բոլոր իշխանությունների խնդիրը, և 2040 թվականից հետո էլ ժողովրդագրական իրավիճակի շարունակական բարելավումը պետք է նույնչափ կարևորվի»,- ասված է նախագահական նստավայրի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ: Ի՞նչ կարող է նշանակել «բոլոր իշխանություններ» սահմանումը: Ստացվում է՝ մինչև 2040 թվականը Հայաստանում լինելու է ոչ թե մեկ, այլ մի քանի իշխանությո՞ւն: Այդ պարագայում իշխանական այդ ներկապնակում ո՞ր դիրքն է զբաղեցնելու Սարգսյանը: Կամ գուցե նախագահը ակնարկում է, որ մինչև 2040-ը Հայաստանին սպասվում է իշխանափոխություն, այն էլ՝ մի քանի անգամ: Ինչևէ, ամենակարևոր հարցը մնում է հետևյալը՝ ո՞ւմ համար է նրա այդ ազդակը՝ համակարգի ներսում գտնվողների՞, հանրությա՞ն, թե՞ արտաքին ուժային կենտրոնների:
Ստելլա Խաչատրյան