Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքը, միանշանակ, փայլուն է գնահատում:
«Ազգային ժողովի ընտրություններից առաջ էլ լրատվական դաշտը շատ մաքուր աշխատեց, մասնագիտական առումով շատ լավ դրսևորվեց, ինչն արդեն ապացույցն է այն բանի, որ ժողովրդավարությունը Հայաստանում արմատավորվում է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Նախորդ նախագահական ընտրությունների հետ Աստղիկ Գևորգյանը այս նախընտրական գործընթացը չհամեմատեց՝ նշելով, որ զարգացումն ակնհայտ է: «Նախորդ ընտրությունների ժամանակ գործում էր պատվերի ինստիտուտը, լրագրողներին և լրատվամիջոցներին տարբեր կերպ շահագրգռում էին, ինչը գնում էր դեպի հանրային կարծիքի ձևավորում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ, ընդհանրապես, վերջին երկու ընտրական գործընթացները չի կարելի համեմատել նախորդների հետ:

«Այն ժամանակ ես, որպես լրագրողական կառույցի աշխատող, վատ էի զգում, երբ կարդում էի մամուլը, դիտում հեռուստատեսություն: Մի ցանկություն ունեմ, որ մեզ մոտ կարողանանք արմատավորել երկխոսության շատ կարևոր քաղաքական ինստիտուտը»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ դրա ժամանակն էլ կգա, և մենք կհասնենք դրան:

Վերջինս այս անգամ շնորհակալություն հայտնեց իշխանություններին, որ ընդգծեցին խոսքի ազատությունը չխոչընդոտելու խնդիրը և հիշեցրեց, որ հենց նախագահն էլ մարզահամերգային համալիրում իր ելույթի ժամանակ ասել էր, որ խոսքի ազատությունը ոչ ոք իրավունք չունի խոչընդոտել: «Ինչպես տեսնում ենք, դա այդքան էլ բարդ բան չէր, և կարելի էր անկախության առաջին տարվանից նման կերպ վարվել»,- հավելեց Ա. Գևորգյանը:

Նախընտրական գործընթացում լրատվական կայքերի աշխատանքը «Ժուռնալիստների միության» նախագահը լավ գնահատեց և նշեց, որ վերջիններս խնդիր ունեն. հաճախ չճշտված տեղեկություն են տարածում, և երբեմն որոշ լրատվամիջոցներ առանց տվյալ տեղեկությունը ստուգելու վերցնում են և տարածում՝ դրանով իսկ մոլորության մեջ գցելով հասարակական կարծիքը: Վերջինիս խոսքով՝ բոլոր երկրներում էլ այդ խնդիրը կա, բայց կայքն այնքանով է լավ, որ շատ արագ է ինֆորմացիան տրվում, իսկ դա վայելք է և պետք է ճիշտ օգտագործել:

Լուսանկարը՝ ankakh.com-ի