Այսօր`ապրիլի 14-ին, Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրահավաք էր հրավիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ`թեպետ հորդառատ անձրևի, հրապարակը բազմամարդ էր: Հանրահավաքը վարում էր Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ նշեց, որ 27.000 ընտրողի համար Սասուն Միքայելյանի շտաբը տպագրել է 10.000 օրինակ նախընտրական բուկլետ, իսկ գործող քաղաքապետն ընդամենը` 1000, որովհետև, ըստ պատգամավորի, դա արված է մի պարզ պատճառով, Արամ Դանիելյանի բուկլետի մեջ այնքան սուտ կա տպագրված, որ ոչ թե հրազդանիցիների համար է, այլ` երևանցի լրագրողների: 

 

 

Պատգամավորը բնակիչների հետ հանդիպմանը նկատել է, որ շենքերի տանիքներն անմխիթար վիճակում են գտնվում, և գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի այն պնդումը, թե տանիքների խնդիրը լուծված է` սուտ է և բոլորովին չի համապատասխանում իրականությանը: Այդ առթիվ Փաշինյանը նաև անեկդոտ հիշեց.

 

 

«Մի մարդ տուն է կառուցում, վերջում տանիքը կառուցելու համար «ժեշտանչի» է հրավիրում: Համագյուղացիները հարցնում են` էդ ի՞նչ վարպետ էր, լավն էր, թե` լավը չէր, ասում է` այ ձեր ցավը տանեմ, մի հոյակապ անձնավորություն, մի հոյակապ արհեստավոր, չեք պատկերացնի ինչքան լավ մարդ ու ինչքան լավ արհեստավոր է: Ասում են` էդ ինչ է եղել, որ էդքան գովում ես: Ասում է` ճիշտն ասած, որ տանիքը կապեց, ասաց մի քիչ ժեշտա ավելացել, մի 20 հատ էլ վեդրոյա սարքել, ասել ա որտեղ կաթումա դիր տակը»:

 

 

Պատգամավորի խոսքով` Արամ Դանիելյանը տանիքների խնդիրը լուծել է այդ կերպ, իններորդ հարկերի ապրողներին մի չորս հատ կապրոնե տազիկ է տվել, ասել է ժողովուրդ ջան, որտեղ կաթի կդնեք տակը:

 

 

«Սրանից հետո 14 տարվա քաղաքապետի բուկլետի առաջին էջում գրված է` «եկեք սկսենք նոր կետից», բայց ինքը ճիշտ է ասում. Հրազդանը պետք է սկսի նոր կետից ու պետք է ընտրի նոր քաղաքապետ, որովհետև 14 տարված հոգնած քաղաքապետով հնարավոր չէ նոր կետից սկսել»,- ասաց Փաշինյանը: