Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղում գյուղացիները գիշերը հերթապահություն են իրականացնում։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը։
«Դիրքերում կրակոցների ձայներ լսվում են, բայց գյուղի ուղղությամբ մի քանի օր է՝ չկա։ Ես հիմա հանգիստ եմ, որովհետև գիշերը մենք մեզանով հերթապահություններ ենք իրականացնում։ Դե պաշտպանությունն իր գործն անում է, դրա մասին խոսք չկա, բայց մենք էլ ապահովության համար խմբեր ենք կազմել 5-6 հոգով գիշերը կանգնում ենք։ Դա նրա համար չէ, որ բանակին չենք վստահում, բանակն իր գործը պատվով կատարում է, նրանք իրենց պարտականությունները կատարում են։ Մենք էլ, որ մեզ ապահով զգանք, հերթապահություն ենք նշանակել»,- ասաց գյուղապետը։
Աբազյանի խոսքով՝ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններն իրենց ազդեցությունը չէին կարող չթողնել սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա։ «Ղարաբաղի դեպքերից հետո տրամադրվածություն է փոխվել։ Չնայած գյուղում մարդիկ պատրաստ են պաշտպանել հողը։ Միշտ էլ իրենք են պաշտպանել, հիմա էլ այդպես կլինի։ Տեսնենք՝ ինչ կլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ գյուղացիների համար կրակոցները սովորական երևույթ են դարձել։