ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ մի խումբ խորհրդարանականներ, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բազմաթիվ հյուրեր այցել են Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային Բարեկամավան համայնք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տավուշի մարզպետարանի տեղեկատվության վարչությունից, խորհրդարանականները մասնակցել են հա յրենիքի պաշտպանության համար նահատակված բարեկամավանցի 21 ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի բացման արարողությանը:
Միջոցառմանը ներկա է եղել ամբողջ գյուղը: Օրվա առթիվ ներկաներին ողջունել է համայնքի ղեկավար Գագիկ Աբազյանը, իսկ խաչքարի բացման պատիվը վերապահվել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և զոհված ազատամարտիկների երկու հարազատների: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հիշարժան այդ օրը նաև մեդալներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների: Խաչքարի հեղինակը Արցախյան ազատամարտի մասնակից, ճարտարապետ Անդրանիկ Դավթյանն է: