Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը գրանցվել է հրադադարի խախտման 5 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: Բացի հրաձգային զինատեսակներից' կիրառվել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականանետ:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:

 

 

ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն' ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև' 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

 

 

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

 

 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: