Երեկ տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ Արամ Դանիելյանը ստացել է 12.510 ձայն։ Մյուս թեկնածուն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը ստացել է 10.267 ձայն, իսկ ՕԵԿ թեկնածու Արթուր Միսակյանը՝ 1237 ձայն։
Արագածոտնի մարզի Թալին քաղաքում ևս քաղաքապետի ընտրություններ էին։ Հաղթող է ճանաչվել գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը՝ 1993 ձայնով։ Նույն մարզի Վերին Սասնաշեն համայնքում ևս հաղթել է գործող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Անդրանիկ Պողոսյանը՝ 170 ձայնով։
Արարատի մարզի Դվին գյուղում հաղթել է միակ թեկնածու, անկուսակցական Նորիկ Առաքելյանը։ Իսկ նույն մարզի Մրգավետ, Շահումյան և Ռանչպար համայնքներում ևս հաղթանակ են տարել միակ առաջադրված թեկնածուները՝ բոլորը Հայաստանի հանրապետական կուսակցությունից։
Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում պայքարն ընթացել է համայնքի ղեկավարի՝ Աշոտ Գրիգորյանի և առաջադրված մեկ այլ թեկնածու՝ Գնել Մաթևոսյանի միջև։ Հաղթանակ է տարել Գնել Մաթևոսյանը՝ 859 ձայնով։ Նշենք՝ երկուսն էլ անկուսակցական են։
Նույն մարզի Այգեկ համայնքում հաղթանակ է տարեկ գործող համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վարուժան Աբրահամյանը՝ 431 ձայնով։ Իսկ ահա Այգեվան համայնքում հաղթանակ է տարել անկուսակցական թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանը՝ 421 ձայնով։ Իսկ գործող ՀՀԿ-ական համայնքի ղեկավար Սպարտակ Էքիզյանն ստացել է 383 ձայն։ Առատաշեն համայնքում առաջադրված 4 թեկնածուներից հաղթանակ է տարել գործող համայնքապետ, ՀՀԿ-ական Վահրամ Հարությունյանը։
Նույն մարզի Գայ համայնքում ևս վերընտրվել է գործող ՀՀԿ-ական համայնքապետը։ Գրիբոյեդով, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի համայնքներում վերընտրվել են գործող համայնքի ղեկավարները, քանի որ այլ առաջադրված թեկնածուներ չեն եղել։ Իսկ ահա Փշատավան համայնքում երկու ՀՀԿ-ական թեկնածուներից հաղթանակ է տարել Ազատ Քյարամյանը։ Գործող քաղաքապետը նրան ձայներով զիջել է։
Գեղարքունիքի Այրք և Զորաքար համայնքներում վերընտրվել են համայնքի ղեկավարները, այլ առաջադրված թեկնածուներ չեն եղել։
Նույն պատկերն է գրանցվել Լոռու մարզի Դաշտադեմ, Խնկոյան, Սարամեջ և Սարչապետ համայնքերում։ Վերընտրվել են գործող ՀՀԿ-ական ղեկավարները։ Իսկ Սպիտակ քաղաքում քաղաքապետի աթոռի համար պայքարում էին գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վանիկ Ասատրյանը և կրկին ՀՀԿ-ական փոխմարզպետ Գագիկ Սահակյանը։ 4463 ձայնով հաղթանակ է տարել գործող քաղաքապետը։
Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, անկուսակցական Հակոբ Բալասյանը։ Նույն մարզի Հատիս համայնքում երեք անկուսակցական թեկնածուներից հաղթանակ է տարել գործող համայնքապետ Սամվել Գարսևանյանը։
Սևաբերդում ևս հաղթանակ է տարել համայնքի անկուսակցղական ղեկավարը։ Կոտայքի մարզի Քանաքեռավանում պայքարում էին կոալիցիոն գործընկերները՝ ՀՀԿ-ական Ջիվան Քամալյանը և ՀՅԴ-ական Հայկ Սարգսյանը։ ՀՅԴ-ական թեկնածուն հաղթանակ է տարել։
Սյունիքի մարզի Արծվանիկ, Խնձորեսկ, Վարդավանք համայնքներում հաղթանակ են տարել գործող ՀՀԿ-ական համայնքապետերը։
Եվ վերջապես Վայոց ձոր մարզի Գետափ համայնքում առաջադրված երեք թեկնածուներից հաղթանակ է տարել Հայկական վերածնունդ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Մայիս Նազարյանը, ով գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչն է։ Մյուս երկու թեկնածուներն անկուսակցական են։