Ռուսաստանն աներևակայելիորեն արագ է արձագանքել  Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմանը, գրում է The Financial Times-ը: Մոսկվան հրադադարի մասին նոր համաձայնագրին հասել է ավելի արագ, քան այս հարցի վերաբերյալ տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումը: Ըստ փորձագետների՝ այս ամենը կօգնի Ռուսաստանին ամրապնդել ազդեցությունն այդ տարածաշրջանում, որը Եվրեպայի՝ Կրեմլից էներգետիկ անկախությանը հասնելու հարցում առանցքային տարրերից մեկն է:

 

«Եվրոպայում ամենաանզիջում հակամարտություններից մեկը պատերազմի վերածվելու եզրին է, և այդ պահին Ռուսաստանը միացրել է դիվանագիտական ֆորսաժը»,- գրում է պարբերականը: Այն բանից հետո, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվել էր հրադադարի ռեժիմը, Վլադիմիր Պուտինն «անմիջապես անցել է գործի», և նպաստել հրադադարի մասին նոր համաձայնագրի կնքմանը:

 

«Ռազմավարական տեսանկյունից Պուտինը լցրել է այն վակուումը, որն առաջացել էր ԱՄՆ-ի լռության պատճառով, և դա այնպիսի տպավորություն է ստեղծել Երևանում և Բաքվում, որ նրանք միայնակ են մնացել, որ նրանք չունեն Պուտինի այլընտրանք»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան:

 

Financial Times-ը նշում է, որ Վաշինգտոնն իսկապես չի ցանկանում դիվանագիտական ջանքեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: ԱՄՆ-ի ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ ամերիկյան լրտեսական արբանյակները նույնիսկ չեն հետևում տարածաշրջանում տիրող իրավիճակին, քանի որ նրանք բոլորն էլ ուղղված են դեպի Ուկրաինա և Սիրիա:

 

«Այս խնդրի լուծման բանալին երկու նախագահների միջև բավարար փոխադարձ վստահությանը հասնելն է, իսկ Ռուսաստանը չի կարող միայնակ դա անել»,- ասել է Բրայզան: