Եվրոպայում ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերը 2016-ին էապես կաճեն Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքների և աշխարհամասին վրա հասած միգրացիոն ճգնաժամի պատճառով: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, գրում է Financial Times-ը:

 

 

«2016-ի համար կանխատեսումները ցույց են տալիս, որ 2016 թվականը երկար տարիներ անց կլինի առաջին տարին, երբ եվրոպացի դաշնակիցների պաշտպանական ծախսերն կաճեն»,- ասել է Սթոլթենբերգը:

 

 

 

FT-ի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները պաշտպանության համար ծախսել են 253 մլրդ դոլար, իսկ ԱՄՆ-ը՝ 618 մլրդ: Հաշվի առնելով, որ բլոկի յուրաքանչյուր անդամ պետք է ՀՆԱ 2 տոկոսը բանակի վրա ծախսի, ստացվում է, որ եվրոպացիներին անհրաժեշտ է մեծացնել ծախսերը: Ներկայումս այդ ցուցանիշը ՀՆԱ 1.43 տոկոսն է:

 

 

Համեմատության համար թերթը բերում է 1985-1989թթ. տվյալները: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պաշտպանության վրա ծախսում էին ՀՆԱ 3.1 տոկոսը: Ցուցանիշը 2 տոկոսից բարձր էր մնում «սառը պատերազմի» ավարտից մի քանի տարի անց, իսկ 2008-ից աստիճանաբար անկում է ապրել: