Ղրիմի թաթարների առաջնորդներից Մուստաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Ղրիմի բռնակցման դեպքում Ռուսաստանը կհայտնվի արյունալի չեչենական հակամարտության մեջ, և որ որոշ ծայրահեղական թաթարներ ռուսական զորքերին սպառնում են ջիհադով: Այս մասին ղրիմցի թաթար առաջնորդը հայտնել է անգլիական Financial Times թերթի հետ զրույցում:

 

«Մենք ունենք իսլամիստներ, վահաբիներ, սալաֆիտներ... խմբավորումներ, որոնք Սիրիայում կռվել են կառավարական ուժերի դեմ: Նրանք ասում են, որ մեր հողը ոտք է դրել թշնամին, և մենք պատրաստ ենք»,-հայտարարել է ղրիմցի թաթարների խորհրդի նախկին առաջնորդը:

 

Թերթը նշում է, որ թերակղզին Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմի բնակչության 10 տոկոսը կազմող թաթարները կարող են ապակայունացնել տարածաշրջանը' ստեղծելով զինված հակամարտություններ: Առկա է նաև ճգնաժամի միջազգայնացում. արտասահմանցի ջիհադականները կարող են գալ Ղրիմ և տեղացի թաթարների հետ կռվել Ռուսաստանի դեմ, ինչպես դա եղավ 2000-ականների սկզբին Չեչնիայում:

 

«Ղրիմի թաթարների և իսլամիստների միջազգային ցանցի միջև կապերն արդեն կարգավորված են: Տեղացի մահմեդականները սիրիական ընդդիմության շարքերում կռվել են Բաշար Ասադի զորքերի դեմ: Նրանցից մեկն անցյալ տարի Հալեպում ահաբեկչական գործողության ժամանակ պայթեցրել էր իրեն»,-գրում է բրիտանական թերթը: