Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պետք Է ավելացնեն ծախսերը ռազմական կարիքների համար: Այդ մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը հայտարարել Է Die Welt թերթում հրապարակված հարցազրույցում:

 

Անցած հինգ տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, ամենից առաջ եվրոպական, կտրուկ կրճատել են այդ նպատակով կատարվող ծախսերը, մի շարք դեպքերում՝ մինչեւ 40 տոկոս, նշել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:

 

Մինչդեռ, Անդերս ֆոգ Ռասմուսենի համոզմամբ, այժմ «նոր իրադրություն Է ստեղծվել անվտանգության բնագավառում»: Նրա խոսքով՝ այդ պայմաններում դաշինքը «պետք Է իրական կարողություններ ունենա պաշտպանական հզորությունն ապահովելու համար»:

 

«Անվտանգությունը մեր բարեկեցության հիմքն Է»,- հավելել Է քաղաքական գործիչը:

 

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների պաշտպանության նախարարները հունիսի 3-ին Բրյուսելում մեկնարկող երկօրյա հանդիպման ընթացքում քննարկելու են Ուկրաինայի իրադրությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ արեւելաեվրոպական երկրների հավաքական պաշտպանության ուժեղացման հետագա միջոցառումները եւ Աֆղանստանում ապագա առաքելության հեռանկարները: Ուկրաինայի իրադրությունը պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ոչ միայն իրար հետ, այլեւ ՆԱՏՕ-Ուկրաինա եւ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովների ձեւաչափով, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: