Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական ուժեղացումը չի հակասում Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հաստատմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 3-ին հայտարարել է ԱՄՆ-ի CNN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ես հակասություններ չեմ տեսնում այն բանում, որ ՆԱՏՕ-ն լինի ուժեղ, ունենա հզոր պաշտպանություն, կայուն և կանխատեսելի քաղաքականություն և ձգտի Ռուսաստանի հետ ավելի կառուցողական հարաբերությունների հաստատման»,- ասել է Ստոլտենբերգը:
Միևնույն ժամանակ գլխավոր քարտուղան ընդգծել է, որ, դեռևս քաղաքական պաշտոն զբաղեցնելով Նորվեգիայում, ինքը կարողացել է «աշխատանքային հարաբերություններ» հաստատել Ռուսաստանի հետ, և որ Օսլոն Մոսկվայի հետ կապ էր պահպանում «նույնիսկ սառը պատերազմի ամենասառը շրջանում». հաղորդել է ՌԻԱ Նովոստին: