ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը այցով Վաստան կժամանի մեկ շաբաթից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստոլտենբերգը երկօրյա այցով Վրաստան Է ժամանելու օգոստոսի 26-ին: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն նշել է, որ Վրաստանի հետ համատեղ ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը բացվելու է Թբիլիսիի մերձակա Վազիանի ռազմակայանում:

 

«Մեկ շաբաթից Վրաստան է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Մենք բացում ենք ուսումնական կենտրոն: Մեզ համար շատ կարեւոր է ՆԱՏՕ-ի գլխավոր քրատուղարի այցը: Այդ կենտրոնի շուրջ բազմաթիվ շահարկումներ են եղել: Դա ուսումնական կենտրոն է մեր զինծառայողների համար, որպեսզի մենք կարողանանք կրթել մեր զինվորականներին եւ բարձրացնենք նրանց պատրաստության մակարդակը ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան»,- ասել է վարչապետը լրագրողներին:

 

«Ռուսթավի 2» հեռուստաընկերության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնը բացվելու է Վրաստան Ստոլտենբերգի այցի շրջանակներում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Վրաստան այցի օրակարգը հանրապետության ԱԳ նախարարությունը կհրապարակի մինչեւ շաբաթվա վերջը:

 

Վրաստանում ուսումնավարժական կենտրոնի բացումը պլանավորվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտմանը աջակցող միջոցառումների փաթեթի շրջանակներում, որը հաստատվել է դաշինքի՝ 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում: Կենտրոնում պատրաստություն են անցնելու դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: