Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաև մեր ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ և եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով և ավելի ամրապնդվել:

 

Սիրելի՛ եզդի հայրենակիցներ,

 

Մաղթում եմ ձեզ, որ Նոր տարին միայն բարիք և երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն տիրի մեր երկրի սահմաններին: Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում և աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: