ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 20-ին ՌԴ Պետդումայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Սերգեյ Նարիշկինը շնորհակալություն է հայտնել «Միջխորհրդարանական համագործակցությունն ի շահ 21-րդ դարում Եվրասիական տարածաշրջանի երկրների համատեղ բարեկեցության» խորագիրը կրող համաժողովին մասնակցելու համար եւ հույս հայտնել, որ այս ձեւաչափով աշխատանքները շարունակական կլինեն:
Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ բարձր է գնահատել համաժողովի անցկացման գաղափարը՝ արժեւորելով այն՝ որպես երկրների անվտանգության երաշխիքերից մեկը, որն արտահայտվում է խորհրդարանների երկխոսությամբ: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ-ի անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, տեղյակ է տարածաշրջանային անվտանգության խնդիրներից: Մասնավորապես, որ Ադրբեջանի իշխանություններն ապրիլի սկզբում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով սանձազերծեցին ռազմական ա գրեսիա՝ դրանով կոպտորեն խախտելով 1994 թվականին ստորագրված հրադադարի մասին համաձայնագիրը, որն Ադրբեջանը ստորագրել է ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի հետ:
Էդուարդ Շարմազանովը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, պետք է Ադրբեջանին պարտադրեն վերադառնալ 1994 թվականին ստորագրված հրադադարի ռեժիմին, այլապես ադրբեջանական իշխանության ռազմական հանցանքները խլում են բազմաթիվ մարդկային կյանքեր՝ թե՛ զինվորականների, թե՛ քաղաքացիական անձանց, որոնց Ադրբեջանի զինված ուժերը ստորաբար սպանել են, ինչպես նաեւ երեխաների, որոնց սպանությունները հեռու են համամարդկային բոլոր կանոններից:
«Մենք դրական ենք գնահատում Ռուսաստանի ջանքերը բանավոր պայմանավորվածության ուղղությամբ, որի միջոցով ադրբեջանական կողմը պայմանականորեն վերադարձել է 1994 թվականին ստորագրված զինադադարի ռեժիմին, իսկ այն պայմանական է, քանի որ այսօր էլ Ադրբեջանը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը, որի հետեւանքով հայկական կողմն ունենում է նոր զոհեր»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Խոսելով Թուրքիայի իշխանությունեերի մասին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Թուրքիան, փաստացի շրջափակման մեջ պահելով Հայաստանը, նաեւ աշխար հում միակ երկիրն է, որ անգամ պաշտպանում է Ադրբեջանի հանցավոր իշխանությունների հանցագործությունները:
Դիմելով Սերգեյ Նարիշկինին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւս մեկ անգամ փաստել է, որ Արցախի ժողովուրդը պետք է լիարժեքորեն իրացնի ինքնորոշման եւ սեփական հայրենիքում անվտանգ, ազատ ու անկախ ապրելու իրավունքները: Ոչ ոք եւ ոչինչ երբեք չեն կարող Արցախի ժողովրդից խլել նշված հիմնական իրավունքները: Էդուարդ Շարմազանովը Պետական դումայի նախագահին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ձեռագիրը, որն ամբողջությամբ կրկնում է աշխարհում հայտնի ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գործելաոճը:
Ի պատասխան ՀՀ ԱԺ փոխնախագահի ներկայացրած փաստերի՝ ՌԴ Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը հայտնել է իր մտահոգությունը՝ նշելով, որ ապրիլի առաջին օրերին տեղի ունեցածը հրադադարի կնքումից հետո այդ ծավալի առաջին գործողություններն են, որոնք իրոք մտահոգիչ են:
Սերգեյ Նարիշկինը նշել է, որ ռուսական պատվիրակությունը կմասնակցի ապրիլի 23-ին Երեւանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովին: