Ռուսական «Коммерсантъ» թերթում հրապարակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված հոդված:

 

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմում հայտնել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին դիմելու մասին, որի ժամանակ առաջարկվել է  վերսկսել ինտենսիվ բանակցությունները, որոնք, իբր, «պետք է սկսվեն մոտ օրերս»:

 

 

Կրեմլում թերթի զրուցակիցը հայտնում է, որ Մոսկվան «առաջնակարգ նշանակություն» է տալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Կարողանալով համոզել Երևանին և Բաքվին՝ դադարեցնել ռազմական գործողությունների ակտիվ փուլը՝ Վլադիմիր Պուտինը մտադիր է վերսկսել խաղաղ գործընթացը՝ հետխորհրդային տիրույթում ամենահին հակամարտությանը երկարատև լուծում գտնելու նպատակով: Երկխոսության վերսկսման դեպքում Ղարաբաղյան խնդրի կարգավորման նախաձեռնությունը կանցնի արևմտյան միջնորդներից Մոսկվային:

 

 

Պարբերականը մեջբերում է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի խոսքերը, ով հայտարարել էր, թե «նախաձեռնությունը ստացվել է Վլադիմիր Պուտինից: Նա դիմել է երկու երկրների նախագահներին, ու հիմա պատրաստվում է բանակցային գործընթաց: Հնարավոր է՝ մոտ օրերս սկսվի բանակցությունների ինտենսիվ գործընթացը»:

 

 

Կրեմլում «Коммерсантъ»-ի բարձրաստիճան աղբյուրը երեքշաբթի հաստատել է. «Մոսկվայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը տալիս են առաջնակարգ նշանակություն: Մենք գործարկել ենք անհրաժեշտ բոլոր դիվանագիտական մեխանիզմները, որպեսզի ամենամոտ ժամանակներս նստեցնենք բանակցային սեղանի շուրջ»:

 

 

Լեռնային Ղարաբաղում նոր բանակցությունների գաղափարը դիմավորեցին զգուշավորությամբ: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Եթե տեղի ունենան նման բանակցություններ, ապա հիմնական շեշտադրումները պետք է արվեն տարածաշրջանոմ խաղաղության ու կայունության պահպանման վրա»: Նրա խոսքով՝ անհնար կլինի առանց ԼՂՀ մասնակցության հասնել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորմանը:

 

 

Նշվում է, որ 2011թ. Կազանում ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ Իլհամ Ալիևը և Սերժ Սարգսյանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման «ճանապարհային քարտեզը»: Այն նախատեսել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքների (Ջաբրաիլ, Զանգելան, Կուբաթլի, Քելբաջար, մասնակի՝ Ֆիզուլիի և Աղդամի շրջան, գումարած Լաչինի շրջանի 13 գյուղերը) վերադարձ Ադրբեջանին, և Լաչինի միջանցքի ստեղծում, որը կկապեր Հայաստանը և Արցախը։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվեր մի քանի տարի անց՝ հանրաքվեով, պայմանով, որ լուծվեր փախստականների խնդիրը։

 

 

Սակայն, ըստ «Коммерсантъ»-ի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները վերջին պահին այդպես էլ չկարողացան հասնել փոխզիջման:

 

 

Հայաստանի կառավարությունում թերթի բարձրաստիճան աղբյուրը վստահեցրել է, որ հայկական կողմը պատրաստ է վերադառնալ ավելի վաղ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկմանը: Նրա խոսքով՝ հայկական ուժերը զբաղեցրել են Ղարաբաղի շուրջ տարածքները, որպեսզի հետագայում ԼՂՀ-ի ճանաչման դիմաց դրանք վերադարձնեն ֆիզիկական անվտանգության երաշխիքների ներքո:

 

Ըստ աղբյուրի, գոյություն ունեցող պայմաններում հետագայում այնտեղ կսպանեն Ղարաբաղի բնակչությանը: Զրուցակիցը պարզաբանել է, որ ոչ մի իշխանություն՝ թե՛ այստեղ, թե՛ Ղարաբաղում, չի կարող գործել այլ կերպ, և վերջնագրից հրաժարվելու դեպքում նրան կտապալեն երկու ժամ անց:

 

 

Նա հավելել է, որ իրենք երբեք չեն հրաժարվի գլխավոր պահանջից՝ Ղարաբաղի համար անկախության ճանաչումը: