Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդականն այցելել է Տամբովի մարզի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013թ. հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին։
«ՌԴ-ում ՀՀ դեսպան Օ.Եսայանի հանձնարարությամբ դեսպանության խորհրդական Լ.Թորգոմյանը ս/թ. ապրիլի 19-ին, ՌԴ ԱԳՆ աջակցությամբ և ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության թույլտվությամբ, այցելել է ՌԴ Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, 2013-ի հուլիսին Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի գործով մեղավոր ճանաչված ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին' քաղաքացու հարազատների կողմից ս/թ. փետրվարի 26-ին ՀՀ Արդարադատության նախարարությանը ներկայացված դիմումում արծարծված հարցերի պարզաբանման և քաղաքացու առողջական վիճակին ծանոթանալու նպատակով:
ՀՀ դիվանագետը Տամբովի մարզում հանդիպել է հ.3 ուղղիչ հիմնարկի ղեկավարությանը՝ պարզաբանելու Հ.Հարությունյանի առողջական խնդիրների, նրան տուգանային խուց տեղափոխելու, հարկադիր աշխատանք կատարելու, ստորացուցիչ վերաբերմունքի դրսևորման, վթարի արդյունքում զոհվածների հարազատներից ստացված ենթադրյալ փոխհատուցման փաստաթղթերի ստորագրման մասին՝ հարազատների և ՀՀ որոշ լրատվամիջոցների կողմից արծարծված հարցերի իսկությունը:
Ուղղիչ հիմնարկի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ առողջական գանգատների կամ ուղղիչ հիմնարկում վատ վերաբերմունքի արժանանալու մասին տեղեկություններ հիմնարկի ղեկավարությունը Հարությունյանից չի ստացել: Եռամսյակային կտրվածքով Հ. Հարությունյանն անցնում է բժշկական զննում հրավիրյալ շրջանային բժիշկների կողմից:
Ըստ այցելությունների մատյանի, ինչպես նաև դատապարտյալի պնդմամբ, ուղղիչ հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում Հ.Հարությունյանը այցելուներ չի ունեցել: Նա չի ստացել նաև որևէ փաստաթուղթ փոխհատուցման հարցի առնչությամբ:
Դեսպանության խորհրդականը հանդիպել է նաև նշված հիմնարկի բուժկետի ղեկավարին՝ ծանոթանալով ՀՀ քաղաքացու ամբուլատոր քարտին: Բժիշկը վստահեցրել է, որ քաղաքացին մշտական բժշկական վերահսկողության տակ է, իսկ որովայնի հետ կապված որոշ գանգատների դեպքում նրան ցուցաբերվում է համապատասխան բուժօգնություն: Ըստ վերջին բժշկական եզրակացության՝ որովայնի հետ կապված հարցի առնչությամբ վիրահատական միջամտության կարիք դեռևս չկա: Քաղաքացին սրտանոթային բնույթի որոշ գանգատներ ունի, որոնք ևս գտնվում են բժշկական անձնակազմի ուշադրության կենտրոնում:
Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև Լ. Թորգոմյանի առանձնազրույցը Հ.Հարությունյանի հետ: Տևական առանձնազրույցի ընթացքում Հարությունյանը հաստատել է հուզող հարցերի շուրջ կալանավայրի ղեկավարության և բուժկետի ներկայացուցչի պարզաբանումները: Նա իր հանդեպ դրսևորած վերաբերմունքի առնչությամբ դժգոհություններ չի հայտնել, ըստ նրա՝ խցում գտնվելու պայմաններն ու մարդկանց թիվը չեն գերազանցում սահմանված չափանիշները: Զրույցի ընթացքում նա ցանկություն է հայտնել պատիժը կրել Հայաստանում:
Այցի ընթացքում վերը նշված կալանավայրի ղեկավարության հետ ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն քաղաքացու հետ կապված խնդիրների մասին դեսպանությանը իրազեկելու հարցում: Հ.Հարությունյանին փոխանցվել են նաև դեսպանության ներկայացուցչի տվյալները՝ հուզող հարցերի դեպքում կապ հաստատելու նպատակով»: