Կինը Համադասարանցիներ սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով տղամարդու հետ, նրա հետ, այսպես ասած, մտերմիկ ընկերական կապեր հաստատելու դիմաց պահանջել է… «Մարիխուանա»:

 

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Անդրանիկ Ղարիբյանն Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակչուհի Նարինե Նրգեյանի հետ մտերմիկ ընկերական կապեր հաստատելու համար վերջինիս պահանջով նրան «Կանեփ» տեսակի թմրամիջոց իրացնելու նպատակով, 2015թ. սեպտեմբերի 11-ին միայնակ գնացել է Մրգավան գյուղի հարակից դաշտեր, որտեղ ինքն իրեն, այսինքն' առանց մշակման աճած նշված բույսի գլխիկներից և թփերից պոկելու եղանակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով (106.45 գրամ հաստատուն քաշով) «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

 

 

Ա. Ղարիբյանն, ըստ մեղադրական եզրակացության, նշված թմրամիջոցը լցրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ ու Ն. Նրգեյանին փոխանցելու նպատակով, նույն օրը նշված թմրամիջոցն իր հետ տարել է Արտաշատ քաղաքի թատրոնի շենքի դիմաց' նախապես իր գտնվելու վայրի և թմրամիջոցի մասին զանգահարելու միջոցով տեղեկացնելով Նարինե Նրգեյանին: Սակայն նշված վայրում Ն. Նրգեյանին հանդիպելուց անմիջապես հետո ոստիկանության աշխատակիցների կողմից Ա. Ղարիբյանը թմրամիջոց պահելու կասկածանքով Նրգեյանի հետ միասին բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ Ա. Ղարիբյանի անձնական խուզարկությամբ վերջինիս ձեռքում եղած տոպրակի միջից հայտնաբերվել և վերցվել է նշված թմրամիջոցը:

 

 

Նույն քր. գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև Նարինե Նրգեյանին այն բանի համար, որ նա «Համադասարանցիներ» սոցիալական կայքի միջոցով ծանոթանալով Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ Անդրանիկ Ղարիբյանի հետ և վերջինիս կողմից իր հետ մտերմություն անելու առաջարկ ստանալով ու օգտվելով այդ հանգամանքից, նրան դրդել է ծանր հանցագործության կատարման: Համաձայն մեղադրական եզրակացության, Ն. Նրգեյանն իր հետ մտերմություն անելու դիմաց Ա. Ղարիբյանից պահանջել է իրեն փոխանցելու նպատակով ձեռք բերել խոշոր չափերով կանեփից պատրաստված թմրամիջոց: Ա. Ղարիբյանը, ըստ քր. գործի նյութերի, հիշյալ թմրամիջոցը ձեռք է բերել և իր հիշյալ ծանոթուհուն փորձել է փոխանցել այդ հանգամանքից դրդված:

 

 

Վերը նշված արարքների համար Անդրանիկ Ղարիբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը») 2-րդ մասի 2-րդ կետի, իսկ Նարինե Նրգեյանին' 38-266-րդ հոդվածի (իրացնելու կամ պատրաստելու նպատակով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությանը դրդելը) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: