Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ ընտրական օրենսգրքի նախագիծը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը հարց բարձրացրեց ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակում իրականացնելու համար Դավիթ Հարությանյանի այն պնդման առթիվ, թե ֆինանսական միջոցները բավարար չեն ընդդիմության առաջ քաշած գործընթացը կազմակերպելու համար:
«Դուք խոսում եք ֆինանսական դժվարությունների մասին: Եղբայր, կարող եք ընտրական համապետական, բոլորիս հուզող, խնդրի համար մի հատ 10 մլն դոլարանոց ամունիստիա անել: Վերջին մեկ ամսվա մեջ երեք հատ նման հարկային ամունիստիա եք արել՝ «Հրազդան ցեմենտ», «Սպայկա» և UCOM, ամեն մեկը մի քանի միլիոն դոլարանոց ակցիաներ են, հնարավոր չի՞ քաղաքական այս մեծագույն ակցիայի համար նմանատիպ ֆինանսական ամունիստիա անել և հետո չգալ, ասել՝ բյուջում գումար չկա: Ամբողջ Հանրապետությունում մեկ պետական միջոցառում անելու համար պետք է այդ մի զըռ գումարը: 10 միլիոն գումարն այս ծրագրի համար համարում եմ մի զըռ գումար, չարժե մանրացնել խնդիրն այդպես»,- ասաց Արամ Մանուկյանը:
Ընդդիմադիր պատգամավորն իր խոսքում նաև քաղաքական հայտարարություն արեց՝ ասելով, որ եթե Ղարաբաղի և սահմանի լարվածության ու մարտունակության հետ կապված վերջին իրադարձություններով պայմանավորված՝ ընդդիմությունն աջակցել է իշխանություններին, կաջակցի, չի նշանակում, որ դա վերաբերում է նաև այս գործընթացներին: «Ամենևին, մենք այստեղ լինելու ենք անզիջում, որովհետև այն կետերը, որ մենք միասնական ներկայացրել ենք, դրանք ամենևին կուսակցական քիմքի խնդիրներ չեն, մենք համալիր ենք ներկայացրել, որ ընտրական համակարգը բարելավի և վստահության մակարդակը բարձրացվի, այն որքան մեզ պետք է հուզի, այնքան էլ՝ ձեզ: Մենք այս դաշտում անզիջում ենք լինելու, և հնարավորինս ամենի ինչ օգտագործելու ենք՝ միջազգային կառույցներ, քաղաքացիական հասարակություն և այլն, որպեսզի հասնենք մեր ցանկացածի առավելագույնին, որովհետև մեր խնդիրը բարի է»,- ասաց Մանուկյանը: