Արցախը Հայաստան է և վերջ: Ահա այս կարգախոսով ապրիլի 26-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա բողոքի ակցիա։ Կազմակերպիչ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն ՄկրտչյանըԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ստեղծված իրավիճակում Հայաստանին անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն։
«Պատերազմում հաղթելու, բանակցություններում չզիջելու, բանակի սպառազինությունը և թիկունքն ապահովելու, երկիրը զարգացնելու համար մեզ անհրաժեշտ է ուրիշ ռազմաքաղաքական ղեկավարություն, ազգընտիր քաղաքական ընտրանի։ Մենք այս ակցիան վաղուց պետք է անցկացնեինք, ուղղակի սպասեցինք ՌԴ արտգործնախարարի այցին, որովհետև վստահ էինք, որ կասկածներս կհիմնավորվեին: Արդյունքում Լավրովը հաստատեց, որ ՀՀ-ն որևէ կերպ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Կազանյան փաստաթուղթն իրենից ներկայացնում է Արցախի 5 շրջանների հանձնում Ադրբեջանին, խաղաղապահ ուժերի տեղակայում, 700.000 ադրբեջանցի փախստականների վերադարձ Արցախ, իսկ վերջում հանրաքվեով կարգավիճակի հաստատում: Սա տառացիորեն դավաճանություն է, որից էլ բխում է մեր արդարացի պահանջը: Գիտենք, որ Սերժ Սարգսյանը զիջող Գերագույն գլխավոր հրամանատար է, փաստորեն, գոնե միջազգային արենայում էդպես է ներկայանում, ուստի մեզ պետք է չզիջող Գերագույն հրամանատար»,- մանրամասնեց Մկրտչյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում հայտարարեց, թե հայկական կողմը երբեք էլ չի մերժել Կազանյան փաստաթուղթը։ Իսկ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատեց՝ ավելացնելով, որ ադրբեջանական կողմն է մշտապես մերժել այն։