ARTSAKHpress.am-ը գրում է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:
Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման կատարյալ սցենարն ԱՄՆ-ի համար:
«Նույնը, ինչ ե՛ւ ռուսական, ե՛ւ ֆրանսիական կողմի համար: Խաղաղ կարգավորման հասնելու փորձերը շատ երկար են տեւում եւ շատ ուժ են խլում: Հակամարտությունը շատ երկար է տեւում, 20 տարվա ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: Բայց այդ հակամարտությունը կարող է կարգավորվել: Մենք կարգավորման պայմաններ ունենք, դրանք հայտնի են մեզ, մենք քննարկել ենք այն»,- ասել է Ուորլիքը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն ընդգծել է, որ կատարյալ կարգավորումը ենթադրում է հաղթողների եւ պարտվողների բացակայություն, այն պետք է շահեկան լինի երկու կողմի համար էլ. «Որպես մարդ, որը բազմաթիվ տարիներ բանակցություններ է վարում այլ հարցերով, կարող եմ ասել, որ բանակցությունները չեն կարող հաջողված լինել, երբ կողմերից մեկը ստիպված է լինում զոհերի եւ զիջումների գնալ: Բանակցությունները հաջողված են, երբ երկու կողմերն էլ շահում են՝ Հայաստանի, Ադրբեջանի բնակիչները, ամբողջ տարածաշրջանն արժանի են խաղաղության եւ անվտանգության մեջ ապրելուն»:
Ուորլիքը նաեւ նշել է, որ ոչ վաղ անցյալում կային ժամանակներ, երբ հայերն ու ադրբեջանցիները կողք կողքի ապրում էին խաղաղության եւ համաձայնության մեջ: Բայց այդ ժամանակներն անցել են:
«Ցավալի է, բայց փաստ, որ հայերի եւ ադրեջանցիների նոր սերունդ է մեծացել՝ միմյանց չճանաչելով: Նրանք իրար մասին գիտեն միայն լրատվամիջոցներից եւ լուրերից: Ցավալի է: Կցանկանայինք մարդկանց միջեւ շփումներ տեսնել: Եվ որպես խաղաղ կարգավորում՝ կցանկանայինք, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կարողանային համատեղ գոյակցել: Հավատում եմ, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում բազմաթիվ մարդիկ պատրաստ են դրան»,- նշել է նա:
Պատասխանելով հարցին, ինչպե՞ս կարող է կարգավորվել տարածքային վեճը, Ուորլիքը նշել է. «Կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: Դա կարգավորման պայմաններից է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայում: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, եւ բոլորն էլ հայտնի են: Մենք պետք է աշխատենք կողմերի հետ, որպեսզի այդ բոլոր պայմանները միավորելու միջոց գտնենք եւ հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր բնակիչները»»: