Վերջին շաբաթներին Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող տրանսպորտային խոշոր օդանավը երկու անգամ ժամանել է Իսրայել, հայտնում է Haaretz թերթը:
Նշվում է, որ այն վայրէջք է կատարել Նեգև անապատում գտնվող «Ուվդա» ռազմական օդանավակայանում:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից թռիչքներն իրականացվել են մոտ երկու շաբաթ առաջ՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցած բախումների թեժ շրջանում՝ համաձայն թռիչքների հանրամատչելի տվյալների օնլայն բազայի:
Դրանց համաձայն՝ «Իլ-76» տիպի տրանսպորտային ինքնաթիռն Իսրայել է ժամանել նախ ապրիլի 4-ին, ապա՝ նաև ապրիլի 6-ին:
Այլ զեկույցների համաձայն՝ Իսրայելը վերջին 4 տարում Ադրբեջանին մատակարարել է 5 միլիարդ դոլարի զենք, որով և Իսրայելը Ադրբեջանի համար վերածվել է զենքի հիմնական մատակարարներից մեկի: AZAF8 (Azerbaijani Air Force 8) տարբերանշանով այդ ինքնաթիռն Իսրայել է ժամանել Թուրքիայի ու Կիպրոսի միջոցով:
Ինքնաթիռը յուրաքանչյուր դեպքում գետնի վրա գտնվել է 2-3 ժամ՝ նախքան Բաքու վերադառնալը: Հայտնի չէ, թե այդ ընթացքում ինչ է կատարվել. ինքնաթիռը բեռնվե՞լ է, թե՞ բեռնաթափվել:
Ինքնաթիռը, որի գրանցման համար եղել է K-781314, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տրամադրության տակ գտնվում է 2014 թվականի սեպտեմբերի 1-ից: