Լեռնային Ղարաբաղի ռազմական հրամանատարը երկուշաբթի օրը հարցազրույցներից մեկում կանխագուշակել էր, որ փխրուն հրադադարը կարող է փլուզվել մի քանի օրից։ Այդ գիշեր Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Ղարաբաղի հյուսիսային հատվածում երկու հայ զինվոր սպանվեց, գրում է The Washington Post-ում լրագրող Դեյվիդ Իգնատիուսը, որն օրեր առաջ հարցազրույց էր վերցրել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանից:

 

«Սառեցված հակամարտությունն այստեղ, որը 22 տարի փակուղային վիճակում էր գտնվում, նորից բռնկվեց ապրիլի 2-ին, երբ Ադրբեջանի ուժերը հարձակվեցին շփման գծի 200 կմ առաջնագծի երկայնքով։ Ռուսաստանի միջնորդությամբ արագորեն ապրիլի 5-ին հրադադար հաստատվեց, բայց, ինչպես ցույց տվեցին երկուշաբթի օրվա գործողությունները, նոր բռնկումը շատ մոտ է թվում։

 

Ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկված և ամենադժվարլուծելի խնդիրներից է:

 

Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է միջնորդել երկարատև խաղաղ կարգավորում, բայց, միևնույն ժամանակ, զինում է երկու կողմերին։ Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել ավելի լայն բախումը, բայց քիչ դիվանագիտական լծակներ ունի։

 

Ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ այլ օտարերկրյա լրագրողների և Եվրախորհրդարանի անդամների հետ։ 90 րոպե ուղղաթիռով թռչելուց հետո մենք վայրէջք կատարեցինք հիասքանչ մի բլրի վրա։ Տեղանքն ինձ Շվեյցարիան հիշեցրեց։ Ոչ միայն լեռներով, այլև կոկիկ մաքրած փողոցներով և խրոխտ կեցվածքով անկախ մարդկանցով:

 

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իր զորքերը չէին սպասում լայնածավալ հարձակում ապրիլի 2-ին, բայց նշել է, որ եղել են դրա նշանները. օգոստոսից ի վեր 21 հայ զինվոր է սպանվել և 113 զինվոր վիրավորվել։ Բացի այդ, Ադրբեջանը համալրում էր իր զինանոցը նոր ռուսական տանկերով, իսրայելական անօդաչուներով ու թուրքական հրթիռներով: Հայկական կողմը, հանգիստ լինելով Ռուսաստանի հետ ենթադրվող «ռազմական դաշնակցությամբ», չէր ակնկալում Ադրբեջանի կողմից խոշոր հարձակում»,- գրում է հեղինակը:

 

«Մարտավարական առումով նրանք միգուցե ինչ-որ հաջողություն են գրանցել, բայց հաշվի առնելով, թե ինչ կորուստներ են տվել դրա դիմաց, դա ավելի շուտ պարտություն է նրանց համար»,- մեջբերում է թերթը Մնացականյանի խոսքը և հիշեցնում, որ Ադրբեջանը քառօրյա մարտերում կորցրել է 24 տանկ, և թեպետ երկու կողմն էլ մեծաքանակ մարդկային կորուստներ են տվել, Ադրբեջանն շտապում է կատարվածը ներկայացնել որպես 1992-1994թթ.-ից հետո գրանցած խոշոր հաղթանակ:

 

Մնացականյանը պնդել է, որ հայկական զորքերը կարող են պաշտպանել տարածքն առանց Ռուսաստանի օգնության։ «Քառօրյա պատերազմի արդյունքը ցույց է տալիս, որ մեր ունեցած տեխնիկան և մեր մարտական պատրաստությունը թույլ է տալիս ցանկացած հակառակորդի կանգնեցնել։ Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրանց հետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է նա:

 

«Օդանավակայան տանող ճանապարհին կարելի է տեսնել ազգային հուշարձանը՝ հողի մեջ ասես թաղված մարմիններով ծեր կնոջ և տղամարդու գլուխներով հսկայական քարե արձանը: Պաշտոնական անվանումն է՝ «Մենք ենք, մեր սարերը»: Ենթադրվող ուղերձը՝ տեղներիցս չենք շարժվելու։ Առջևում երկար, անզիջում հակամարտություն է թվում», - եզրափակում է հոդվածի հեղինակը: