Ուկրաինայի պատերազմի ֆոնին նվազում է Հայաստանի և նրա հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հավանականությունը, գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը։

Հայկական արմատներով լրագրողի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով՝ Հարավային Կովկասի խնդիրները տարածաշրջանով հետաքրքրվող երկրների համար կարող են երկրորդական դառնալ, իսկ ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար այս հարցը կարող է դառնալ շփման կետ։

Հոդվածի հեղինակը նշում է, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը փորձում են այդ գործընթացները պահել իրենց հովանու ներքո։

Իգնատիուսի խոսքով՝ որպեսզի Հայաստանը խուսափի, այսպես կոչված, «պարտադիր խաղաղությունից», գործընթացում պետք է ներգրավվեն ԱՄՆ-ն ու Եվրոպան, ինչպես նաև անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերածնունդը, որը բոյկոտել է Մոսկվան։

«Միևնույն ժամանակ նկատելի է Եվրամիության գործունեությունը միջնորդի դերում, որի ջանքերի շնորհիվ անցած ամիս Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիև հանդիպումը»,- գրում է The Washington Post-ը։

Մայիսի 13-ին Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հոդվածի հեղինակը գրում է, որ Ռուսաստանը ևս մեկ անգամ կփորձի ընդլայնել իր ազդեցությունը բանակցային գործընթացի վրա։

Ըստ Իգնատիուսի՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Տաջիկստանի մայրաքաղաքում կքննարկեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը։

The Washington Post-ի սյունակագիրը տարածաշրջանում խաղաղ գործընթացների մասին խոսել է վերջերս ԱՄՆ այցելած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Մենք պետք է նայենք ոչ միայն դեպի անցյալ, այլ նաև դեպի ապագա։ Եթե Հայաստանը շարունակի անզիջում խաղ խաղալ իր հարեւանների հետ, մեր տարածաշրջանը կհայտնվի փակուղում»,- Իգնատիուսի հետ զրույցում ասել է Միրզոյանը։

ԱՄՆ-ում Ադրբեջանի նախկին, իսկ այժմ Մեծ Բրիտանիայում դեսպան Էլին Սուլեյմանովը ամերիկյան հրատարակությանը պատմել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացների մասին։ Նա չափավոր լավատեսական գնահատական է տվել այդ ամենին։

«Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ հույս ունի շուտափույթ կարգավորման և խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա»,- ասել է Սուլեյմանովը։