Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Սա այն որոշիչ ժամանակաշրջանն է, երբ ՆԱՏՕ-ն առերեսվում է անվտանգության ոլորտի լրջագույն մարտահրավերների: Այս գագաթնաժողովը դարձավ որոշիչ մի շարք փոփոխությունների տեսանկյունից: Այդ գագաթնաժողովի շրջանակներում Դաշինքը որոշումներ ընդունեց իր զսպման եւ պաշտպանական քաղաքականության հետ կապված եւ նախանշեց իր սահմաններից դուրս կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը: Վարշավայում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, Հանրապետության Նախագահը Վարշավայում ունեցավ նաև երկկողմ հանդիպումներ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հետ, ով այդ օրերին անձամբ էր մասնակցում գագաթնաժողովին.

 

-Պարո′ն Մելիքյան, որո՞նք էին օրեր առաջ կայացած ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերը և արդյոք դրանց թվում կա՞ր ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարց։


-Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղակիորեն առնչվող հարց, որպես այդպիսին, չքննարկվեց, թեև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպումների առաջին իսկ օրը նշեց, որ իրենք անդրադառնալու են ԼՂ-ի հակամարտությանը՝ կոչ անելով նվազեցնել լարվածությունը, ձեռնպահ մնալ զենք կիրառելուց և գտնել խնդրի խաղաղ կարգավորում։ Սակայն այդ ուղերձից զատ՝ արցախյան հակամարտությանը վերաբերող այլ հայտարարություն չարվեց: Միակ անդրադարձը եղավ վերջնական ամփոփիչ փաստաթղթում, որտեղ ընդհանուր խոսվեց Հարավային Կովկասի հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ եղան երկկողմանի հանդիպումների ժամանակ, ինչպես նաև, երբ Ալիևը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Վարշավայում։

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երբեք չի եղել ՆԱՏՕ-ի ձևաչափում: Սակայն քանի որ ՆԱՏՕ-ն անվտանգությանը վերաբերող կառույց է, իսկ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հարևանությամբ, այդ առումով այդ հակամարտությունը հետաքրքիր է ՆԱՏՕ-ի համար: ԼՂ հակամարտության մասով բովանդակային քննարկումները ՆԱՏՕ-ն ուղղակիորեն թողնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, բայց մտահոգված է հետագա զարգացումներով, քանի որ իրենց համար կարևոր է ունենալ կանխատեսելի հարևաններ, այդ թվում և՝ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, որոնց հետ ՆԱՏՕ-ն ունի որոշակի հարաբերություններ։

 

-ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ունեցե՞լ է արդյոք հանդիպումներ, որոնց մասին չի եղել հրապարակային տեղեկատվություն, եթե ոչ, ապա ո՞րն էր իր մասնակցության նպատակը:


-Ես փորձել եմ հետևել հայաստանյան լրահոսին և որքանով նկատեցի՝ բոլոր հանդիպումների մասին տեղեկացվել է։ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ամերիկացի համանախագահ Ուորլիքի հետ, մյուս հանդիպումը եղել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, այլ հանդիպումներ չեն եղել: Ըստ էության, Սերժ Սարգսյանն ունեցել է երկու հանդիպում: Եղել է նաև Սերժ Սարգսյանի կարևոր ելույթն Աֆղանստանին վերաբերող նստաշրջանի ժամանակ։

 

-Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը: Ելույթի ընթացքում Սարգսյանը պատասխանելով Ալիևին՝ ասաց, որ ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ինչպե՞ս կմեկնաբանեք Սերժ Սարգսյանի այս ելույթը:


-Լավ է, որ Սերժ Սարգսյանն այդ ելույթը ունեցավ և կարևոր է, որ այդ կարևոր հարթակից հնչեց այն, որ Հայաստանը պատրաստ է, կարող է անել քայլեր, որոնք կնպաստեն խաղաղությանը, բայց չի կարող համաձայնել Ադրբեջանի խաղի կանոններին: Սերժ Սարգսյանը նշեց նաև ստատուս քվոն փոխելու, այսպես ասած, պայմանը: Եթե ստատուս քվոն ուզում են փոխել, ապա այն կարող է փոխվել, միայն եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Սա կարևոր հայտարարություն է, բայց մյուս կողմից էլ այդ հայտարարությունը բավականին անորոշ է և չի խոսում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին: Թեև բոլորը Հայաստանում դա մեկնաբանեցին, որպես Անկախության հետ կապված հայտարարություն, բայց իրականում լավ և ճիշտ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը մասնավորապես խոսեր անկախության ճանաչման մասին, ոչ թե իրավունքի իրացման ճանաչման մասին:

 

Առաջին հայացքին թվում է, որ բավականին կարդինալ պատասխան էր Ալիևին, բայց իրականում շատ թույլ պատասխան էր: Այսինքն՝ նախ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով պարտադիր չէ միջազգային հանրությունը հասկանա այժմ այնտեղ բնակվող հայերին: Եթե նայենք բանակցային գործընթացի տրամաբանության տեսանկյունից, ապաԼեռնային Ղարաբաղի ժողովուրդ ասելով միջազգային հանրությունը հասկանում է նաև Ադրբեջանի փախստականների վերադարձը ԼՂՀ, ինչից հետո նոր այնտեղ կարող է լինել հանրաքվե: Այսինքն՝ հայկական կողմի համար Սերժ Սարգսյանի ասածը հնչում է մոտավորապես այսպես. «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը' այսինքն հայերը, ովքեր ապրում են այսօր ԼՂՀ-ում. պետք է լինեն անկախ», միջազգային հանրության համար դա հնչում է այսպես. «Լեռնային Ղարաբաղը հակամարտություն է, որտեղ բանակցությունների արդյունքում պետք է լինի փախստականների վերադարձ, որոնք բոլորով իրավունք կունենան ինքնորոշվելու, կլինի հանրաքվե, որի անցկացման պայմանները և արդյունքները դեռ հայտնի չեն: Սակայն հայտնի է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա փախստականների վերադարձից հետո:Ուստի, թեև առաջին հայացքից տպավորություն է, որ Սարգսյանն Ալիևի ճակատին մեխեց, բայց իրականում այդպես չէ, քանի որ տրվեց շատ անորոշ ձևակերպում:

 

-ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում շատերի կարծիքով առաջընթաց չկա: Ստոլտենբերգի հայտարարությամբ իրենք համաձայնության չեն եկել Ուկրաինայի հարցում. Արդյոք հենց Ուկրաինա՞ն է ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում լարվածության աճի հիմնական պատճառը:


-Նախ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ճշտում չի եղել։ Վարշավայում Ռուսաստանը բացակայում էր, և այնտեղ չէր կարող հարաբերությունների պարզաբանում լինել: Հարաբերությունների պարզաբանում եղել է մեկ շաբաթ անց, երբ հանդիպում է եղել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի կազմի շրջանակում։ Այո՛, ուկրաինական ճգնաժամը բռնակցված Ղրիմի և քաոսի վերածված Դոնբասի համատեքստում լուրջ խոչընդոտ է հանդիսանում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում, ինչի մասին բազմիցս շեշտվել է և՛ 2014-ի Ուելսյան գագաթնաժողովի ժամանակ, և՛, մասնավորապես, 2016-ի Վարշավայի գագաթնաժողովի ժամանակ։

 

Ղրիմի բռնակցման փաստը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի Հարավ-Արևմտյան հատվածում տարածքների վերահսկումը և պատերազմական գործողություններին ուղղակի կամ անուղղակի մասնակցելը մեծ խոչընդոտ են Եվրոպայի անվտանգության համար: ՆԱՏՕ-ն, որպես Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղաքական դաշինք, գագաթնաժողովի հիմնական թիրախն ուղղել էր Ռուսաստանի գործողությունների վրա և կոչ էր անում Ռուսաստանին՝ զերծ մնալ անօրինական գործողություններից և վտանգներ, սպառնալիքներ չստեղծել ՆԱՏՕ-ի անդամ երկրների սահմաններին: Խոսքը մասնավորապես Մերձբալթյան երկրների, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Շվեդիայի մասին է:

 

Այս մի քանի երկրներն են, որոնց սահմաններում Ռուսաստանը որոշակի ռազմական ակտիվություն է ցույց տալիս՝զորավարժությունների, զորքերի կուտակման կամ այլ տեսքով, ինչը մտահոգության առիթ է տվել ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներին:

 

Վարշավյան գագաթնաժողովը հենց կոչված էր դրան՝ ցույց տալ Ռուսաստանին, որ Եվրոպան, ԱՄՆ-ն և Կանադան ավելի են համախմբում և միավորում իրենց ուժերը, ինչպես նաև՝ տնտեսական և ռազմական կարողությունները: ՆԱՏՕ-ն ակտիվորեն վերականգնում է սանձահարման կամ զսպման իր ռազմավարությունը, ամրապնդում է պաշտպանությունը, ավելացնում է ՀՆԱ-ի համեմատ ռազմական ծախսերն անդամ բոլոր երկրների համար և միևնույն ժամանակ բաց է մնում երկխոսության համար: Այս ամենը, շատերի կարծիքով, կհանգեցնի նոր Սառը Պատերազմի, իսկ Ռուսաստանից էլ ոմանք համոզմունք հայտնեցին, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ:

 

-Ի՞նչ ազդեցություն է ունեցել ՆԱՏՕ-ի վրա ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը:


-Բրեքսիտի գործընթացը ՆԱՏՕ-ի վրա որևէ ազդեցություն չի ունեցել, և սա մի քանի անգամ շեշտվեց գագաթնաժողովի ընթացքում։ Ընդհակառակը՝ Մեծ Բրիտանիան մնում է ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից և ներդրողներից մեկը, և Մեծ Բրիտանիայի հանրաքվեն գոնե այս պահին որևէ կերպ չի անդրադարձել ՆԱՏՕ-Մեծ Բրիտանիա հարաբերությունների վրա։ Այս գագաթնաժողովը շեշտեց, որ Մեծ Բրիտանիայի այդ քայլը որևէ ձևով չի կարող անդրադառնալ ՆԱՏՕ-ի հատկապես ընդլայման և ընդհանուր քաղաքականության վրա: Ինչպես նշեցի, ՆԱՏՕ-ն հորդորեց և պահանջ դրեց բոլոր երկրների առջև՝ ավելացնել ռազմական ծախսերը, ինչը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն մեծ գումարներ կներդնի ռազմական կարիքները հոգալու համար և միևնույն ժամանակ մրցավազքի մեջ կդնի թույլ տնտեսություն և ֆինանսական խնդիրներ ունեցող Ռուսաստանի համար, եթե վերջինս կամենում է «համաքայլ» գնալ ՆԱՏՕ-ի հետ:


-ՆԱՏՕ-Ռուսաստան հակամարտությունն ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ-ի և արցախյան հիմնախնդրի վրա:


-Ինչ վերաբերում է Արցախին՝ Ադրբեջանը փորձում է տարբեր ձևաչափերում բարձրացնել արցախյան հակամարտության հարցը։ Սերժ Սարգսյանն իր ելույթում շեշտեց, որ ՆԱՏՕ-ն այդ հակամարտությունը քննարկելու ձևաչափը չէ և նշեց նաև, որ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունը, խախտում է հրադադարը և թույլ չի տալիս խաղաղ ձևով լուծել այս խնդիրը։


Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ազդեցությանը՝ այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ մի կողմից Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և մյուս կողմից, Հայաստանը ցանկանում է գործընկերային հարաբերություններ պահպանել ՆԱՏՕ-ի հետ: Այսօր, ինչպես ցույց տվեց Վարշավայի գագաթնաժողովը, ՆԱՏՕ-ի գործողություններն ուղղված են Ռուսաստանի աշխարհաքաղաքական և ռազմական ախորժակները զսպելուն և բնավ ուղղված չեն Հայաստանի դեմ: Հյուսիս-Ատլանտյան դաշինքի վերջնանպատակն է կասեցնել և սանձահարել Ռուսաստանի ռազմաքաղաքական առաջխաղացումները: Սակայն կա մտավախություն, որ այդ գործողությունները կարող են ինչ-որ մի պահից սկսած անուղղակիորեն ներքաշել նաև Հայաստանին, որպես Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի:


Մյուս կողմից, շատ հնարավոր է նաև, որ Հայաստանը հայտնվի մի իրավիճակում, երբ արդեն Ռուսաստանը նրան ստիպի անել գործողություններ, որոնք կամրապնդեն, ենթադրենք, Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում, սակայն ի վնաս Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների: ՆԱՏՕ-ն սկսում է ամրապնդել իր դիրքերը Թուրքիայում և ՄերձավորԱրևելքում: Նույնն անում է նաև Ռուսաստանը, և հասկանալի է, որ այստեղ Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքն ավելի մեծ կարևորություն է ստանում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի համար:

 

Այսինքն՝ Հայաստանը կարող է որոշակի խնդիրներ ունենալ ՆԱՏՕ-ի հետ, եթե շատ լարվեն Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, և կարող է խնդիրներ ունենալ նաև Ռուսաստանի հետ, եթե վերջինս համարի, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վնասում են Ռուսաստանի շահերին կամ որ Հայաստանը պետք է աջակցի Ռուսաստանին ՆԱՏՕ-ին դիմակայելու հարցում: Դա է պատճառը, որ Հայաստանը պետք է շատ երկար մտածի և կշռադատի սեփական քայլերը, որպեսզի չհայտնվի երկու քարի արանքում, մանավանդ, որ այդ քարերը շատ հզոր են, և ճզմվելու հավանականությունը շատ բարձր է: Եւ նաև լրիվ նոր մարտահրավեր կլինի Հայաստանի համար, երբ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, որն ավելի կուժեղացնի ռազմական իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ Թուրքիայի հետ:

 

 Նելլի Ավետիսյան