Հանրահայտ վերլուծաբան և մեկնաբան Աննա Ափելբաումը Washington Post-ում հանդես է եկել հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ վերլուծական հոդվածով: Ներկայացնում ենք Ափելբաումի հոդվածը.
«Երբ ես տեսա Արեւելյան Գերմանիայի ժողովրդի այդ ստվար զանգվածը, ես հասկացա, որ նրանք ճիշտ էին»: Քառորդ դար անց այդպես էր մեկնաբանում գնդապետ Հերալդ Յագերը դարպասները բացելու եւ Բեռլինի պատով իր համերկրացիների անցումը թույլատրելու իր որոշումը: Յագերը հսկում էր սահմանային անցակետը 1989թ նոյեմբերի 9-ի այն ժամերին, երբ Արեւելյան Գերմանիայի առաջնորդները հայտարարեցին, որ մարդկանց համար տեղաշարժման կանոնները փոխվում են: Երբ բեռլինի բնակիչները հավաքվեցին պատի մոտ՝ պահանջելով անցնել դեպի արեւմտյան Բեռլին, նա շարունակաբար հրահանգներ էր խնդրում իր ղեկավարներից, բայց ոչինչ չէր լսում ի պատասխան:
Ի վերջո ամբոխը ստիպեց նրան գործել. «Այդ պահին այնքան պարզ դարձավ ինձ համար ամեն ինչ… հիմարությունը, մարդկայնության բացակայությունը: Ես վերջապես ասացի ինքս ինձ. «Կորեք բոլորդ: Հիմա ես կանեմ այն, ինչ ճիշտ եմ համարում»: Այդ պահն է հստակորեն ցուցադրում, թե ինչպես եւ ինչու կարող են փողոցային ցույցերը երբեմն քաղաքական փոփոխությունների պատճառ դառնալ: Նրանք կարող են հղում անել ավելի խորը թաքնված բարոյականությանը եւ այդպիսով համոզել իշխանավորներին փոխել քաղաքականությունը, հրաժարվել ռեպրեսիվ ռեժիմից եւ դադարել ուժի կիրառումը:
Ես Յագերի մասին մտածեցի այս շաբաթ, երբ Հայաստանի վարչապետը զարմացրեց իր երկրին ու հրաժարական տվեց: Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահն էր արդեն տասը տարի, 2008-ից մինչեւ 2018-ը, որի ժամանակ ստեղծել էր քաղաքական ու բիզնես կապեր՝ իրեն իշխանության մեջ մնալու հարցում օժանդակելու համար: Պաշտոնը լքելու սպասման մեջ նա փոխել էր որոշ կանոններ, ուժեղացրել էր վարչապետի իշխանությունը եւ կազմակերպել էր, որ պառլամենտը իրեն ընտրի այդ պաշտոնում: Դա հայտնի աճպարարություն է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման խաղեր խաղացել են՝ անցում կատարելով նախագահությունից վարչապետություն՝ իշխանության մեջ մնալու համար:
Հայերը հասկացել էին այդ ամենը: 11 օր շարունակ մարդկանց բազմությունը ցույցերի էին մասնակցում իշխանության զավթման այդ փորձի դեմ՝ մայրաքաղաքում եւ այլուր: Հետո, անակնկալ կերպով, Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալ էի», - հայտարարեց նա: «Փողոցի շարժումը իմ իշխանության դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»:
Անակնկալի եկած հայերը լցվեցին փողոցներ կրկին, այս անգամ խրախճանքի համար: Թոմաս դե Վաալը, ով Հայաստանի վերաբերյալ մի քանի գրքերի հեղինակ է, ասաց ինձ, որ Սարգսյանը հաշվի առավ այն փաստը, որ Հայաստանը «փոքր երկիր է՝ ազգային համերաշխության ուժեղ զգացումներով»: Մեկ այլ հնարավոր գործոն է այն, որ վերջին անգամ, երբ հայերը փողոցային լայնածավալ բողոքի ցույցեր էին կազմակերպել, 2008-ի մարդն էր, եւ ոստիկանության գործողությունների արդյունքում 10 մարդ էր զոհվել: Հավանաբար Սարգսյանը «չէր ցանկացել կրկնել այդ փորձառությունը»:
Որն էլ լինի իրական պատճառը, քաղաքական այս ցույցերը հասան իրենց նպատակին Հայաստանում այն նույն պատճառով, որն աշխատել էր նաեւ 1989-ին Բեռլինում, 2014-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, քանի որ դրանք դրդեցին գլխավոր անձին հարցականի տակ դնել ռեժիմի լեգիտիմությունը, նույնիսկ իր սեփական ռեժիմի: Եվ սա, ցավոք սրտի, ոչ սովորական բան է:
Յուրաքանչյուր հաջողված պրո-ժողովրդավարական փողոցային ցույցին զուգահեռ ես կարող եմ նշել գոնե նույնքան ձախողված շարժումներ: Մոսկվայում 2012-ին, Հոնգկոնգում 2014-ին, Վարշավայում 2015-ին: Կամ Վենեսուելայում 2014, 2015, 2016 ու 2017 թվերին: Երբեմն այս ցույցերը ձախողվում են, որովհետեւ դրանց պահանջները շատ լայն են: Երբեմն էլ ձախողվում են, որովհետեւ ռեժիմը դիմում է բռնությունների դրանց դեմն առնելու համար եւ մարդիկ վախենում են: Երբեմն էլ նրանք ձախողվում են, որովհետեւ բավարար չէ հասարակական վայրերը օկուպացված պահելը: Որոշ ժամանակ անց մարդիկ հոգնում են, համաքաղաքացիները ցանկանում են փողոցները ազատված տեսնել, բոլորը պետք է գնան հետ իրենց աշխատանքին:
Բայց ամենից հաճախ դրանք ձախողվում են, քանի որ չկա Յագերը, չկա Սերժ Սարգսյանի պես մեկը, եւ ռեժիմը հրաժարվում է լսել: Իշխողը հաջողությամբ արատավորում է ցուցարարներին՝ ասելով, որ նրանք ներկայացուցչական ու հայրենասեր չեն, կամ էլ օտարների կողմից են վարձված:
Փոխանակ տպավորվեր մարդկանց անկեղծությամբ ու նրանց զանգվածով, Պուտինը 2012-ի ցուցարարներին համարեց ամերիկյան խարդավանքի ցուցադրություն, եւ նույնը արեցին չինացիները 2014-ի Հոնգկոնգի ցուցարարների դեպքում: Եվ սա նաեւ միայն ավտորիտար ռեժիմներին հատուկ մարտավարություն չէ. ամերիկացի «պահպանողականները» նույնպես պնդում էին, որ զենքերի ազատ վաճառքի դեմ անցյալ ամիս բողոքող ցուցարարներին վճարել են այդ բողոքի համար:
Երբ այդ գործողությունները չեն տպավորում մարդկանց, ցույցերը, քայլերթերը կամ «փողոցներ զավթելու» շարժումները միայն անբավարար են: Բավարար չէ միայն լինել այնտեղ: Այդ շարժումը կա՛մ պետք է միանա, կա՛մ ինքը պետք է ստեղծի նոր քաղաքական կուսակցություն, փողոցի առաջնորդները պետք է դառնան քաղաքական գործիչներ: Ժողովրդավարական համակարգերում նրանք պետք է հաղթեն ընտրություններում: Բռնատիրական պետություններում նրանք պետք է այլ մեթոդներ կիրառեն իշխող կուսակցությունից իր համակիրներին վանելու համար:
Քաղաքական վակումներում, ինչին մենք հիմա ականատես ենք լինում Հայաստանում, նրանք ռազմավարություն պետք է ունենան: Փոփոխության ցանկությունը ավելի արդար հասարակություն ստեղծելու ուժի փոխակերպելը ավելի երկարաժամկետ խաղ է, մի բան, որ պահանջում է երկար տարիների քրտնաջան աշխատանք, ոչ թե մի քանի ժամով մի տեղ կանգնել:
Ցույցերը կարեւոր են, նույնիսկ եթե դրանք չեն հաջողում: Դրանք ոգեւորում են մարդկանց, տարածում են համերաշխություն, մարդկանց պահում են ոգեւորության մեջ: Երբեմն դրանք նաեւ կարեւոր արդյունքներ են գրանցում: Բայց ամենից հաճախ, որպես այդպիսին կարեւոր է հիշել, որ այդ բողոքի ալիքները բոլորովին բավարար չեն, եթե չեն կարողանում ինստիտուցիոնալիզացնել ամբոխի պահանջները եւ ճանապարհներ գտնել դրանք մշտական դարձնելու համար»: