Ինչպես հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցերը: Կիրբիի խոսքով՝ «զրույցներում նրանք քննարկել են կողմերի (Հայաստանի ու Ադրբեջանի)՝ ղարաբաղյան հակամարտության զինադադարին խստորեն հետևելու անհրաժեշտությունը և համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններ սկսել»: Արդյոք իրադարձությունների ընթացքի վրա իրական ազդեցություն կունենա՞ն այդ դիվանագիտական քայլերը, քանի որ «Քերիի երկու դրույթները»՝ հրադադարին հետևելը և համապարփակ կարգավորման շուրջ բանակցություններն այժմ, ըստ էության, անորոշ վիճակում են գտնվում: Այդ մասին ИА REGNUM-ում գրում է Ստանիսլավ Տարասովը:
Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը կարծում է, որ «ղարաբաղյան հակամարտության գոտում անհրաժեշտ է հրադադարի ռեժիմի միջազգային մոնիթորինգ»: «Ուստի, անհրաժեշտ է վերահսկողության մեխանիզմներ ստեղծել, դա անել միջազգային հանրության հովանու ներքո,- պնդում է Դեզիրը:- Այդ դերը կարող է կատարել ԵԱՀԿ-ն՝ դիտորդների, էլեկտրոնային սարքերի, այլ տեխնիկական կամ մարդկային ռեսուրսների հետ, որոնք յուրաքանչյուր պահին թույլ կտան իմանալ, թե ինչպիսին է իրավիճակը և ստուգել: Եվ դա պետք է լինի օբյեկտիվ տեղեկատվություն»:
Ադրբեջանը մտադիր էր հրահրել Ռուսաստանին, այնպես, որ նա սկսի աջակցել Հայաստանին՝ որպես ՀԱՊԿ-ի դաշնակցի, և այդպիսով դառնալ հակամարտության կողմ: Այս դեպքում, Մոսկվան ստիպված էր՝ կա՛մ համաձայնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակում՝ բանակցային գործընթացում Անկարայի մասնակցության հետ, կա՛մ դուրս գալ դրա կազմից, որն անխուսափելիորեն հանգեցնելու էր կամ խմբի փլուզման, կամ էլ դրա վերաֆորմատավորման: Հետագայում, Բաքուն՝ գիտակցելով բանակցությունների վերսկսման անխուսափելիությունը և խաղաղապահ ուժերի հայտնվելը՝ ստանում էր այն, որ նրանց կազմից դուրս էր գալու Ռուսաստանը, բնականաբար, Թուրքիան, և, հնարավոր է՝ Իրանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել միջնորդի դերում՝ փխրուն, այդուհանդերձ, զինադադարի հաստատման մեջ: Հետևելով դրան՝ ռուսական դիվանագիտությունը ղարաբաղյան դոսյեից դուրս է քաշել, այսպես կոչված, «Կազանի փաստաթուղթը», որը Մադրիդյան սկզբունքների տարբերակ է հանդիսանում, և նախկինում մերժվել է Ադրբեջանի կողմից:
Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների վերսկսման համար որպես պայման՝ հրապարակայնորեն բոլոր շրջանների ազատագրումն առաջ քաշելով՝ լռելյայն համաձայնում է «Կազանի փաստաթղթի» հետ, քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «դատարկ փամփուշտներով է» կրակում:
Ցավոք, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը կոնֆիդենցիալ բնույթ է կրում, արտաքին և ներքին խաղացողների ակնհայտ և ոչ ակնհայտ աշխարհաքաղաքական և տնտեսական շահերը սահմանում են տարբեր դաշինքների նրբությունները: Այս իրավիճակում, հնարավոր է, որ արտաքին ակտիվ խաղացողների գերակայություններից կախված կլինի տարածաշրջանի ապագան. կսուզվի՞ այն արդյոք լայնածավալ պատերազմի մեջ, թե՞ խաղաղություն ձեռք կբերի:
Ռուսաստանը ստիպված է լինելու կատարել բարդ, բայց հստակ ընտրություն, քանի որ խոսքը հարավային սահմաններում իր ազգային անվտանգության և տարածաշրջանում իր միակ ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի անվտանգության մասին է: «Ընդհանուր արտահայտությունների» և գաղտնի դիվանագիտության դարաշրջանն ավարտին է մոտենում: