Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը քվեարկության նախօրեին օրակարգից հանվել է:

Սա մեծ հիասթափության առիթ է հայ ժողովրդի համար, քանի որ իրեն բախտակից համարող Իսրայելը ժխտում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Բայց այս ամենում մեծ և կարևոր նշանակություն ունի հայ-իսրայելական հարաբերությունները, որը, ցավոք, այդպես էլ լուրջ դրական տեղաշարժ չունեցավ:ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ, Արտակարգ և Լիազոր դեսպան Արման Նավասարդյանը նշեց, որ հայ-իսրայելական հարաբերությունները զարգացել են ժողովրդական դիվանագիտության ճանապարհով, և որին պետք է նեցուկ կանգներ ԱԳՆ-ն:

 

«Բայց ԱԳՆ-ն մատը մատին չխփեց: Սա  անգործության օրինակներից մեկն է: ԱԳՆ-ն պատճառաբանում էր, որ դա կարող է ազդել Իրանի հետ հարաբերությունների վրա, սակայն ես դա բացարձակապես չեմ ընդունում: Ճիշտ է՝ Իրանը նախանձախնդիր է նայում այս հարցին, բայց մենք  լավ ալիբի ունենք նրանց ապացուցելու, որ եթե Իսրայելի հետ մեր հարաբերությունները կանոնակարգվի, դա ամենևին չի վնասի հայ-իրանական հարաբերություններին: Սա մեծ քաղաքական խնդիր է: Կարծում եմ՝ հեղափոխությունից հետո ԱԳՆ-ն կանդրադառնա այդ հարցին, եվ շատ կարևոր է, որ ճիշտ  կողմնորոշվեն»,-ասաց Նավասարդյանը:

Նա նաև անդրադարձավ Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծն օրակարգից հանելուն, մասնավորապես, նշեց մի քանի գործոններ.

«Նախ, հոգեբանական և զուտ պատմական առումով, Իսրայելը երբեք չի ցանկանում, որ իր Հոլոքոստը կորցնի իր մենաշնորհը 20-րդ դար դարի պատմության մեջ՝ որպես միակ: Նրանք համարում են նույնիսկ առաջին ցեղասպանություն՝ այստեղից բխող բոլոր բարոյական, քաղաքական, սոցիալական հետևանքներով: Նրանք կարողացան դա ապացուցել ամբողջ աշխարհին, և մինչ այժմ դիվիդենտներ են ստանում Գերմանիայից: Երկրորդը՝ սա որպես խաղաքարտ օգտագործում են Թուրքիայի հետ իրենց հարաբերություններում, և երբ սրվում են իրենց հարաբերությունները, անմիջապես մանիպուլացնում են այս խնդիրը: Երրորդը՝ բավականին լավ են Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ»,-հավելեց Արման Նավասարդյանը:

 

Ադրբեջանի հետ Իսրայելի լավ հարաբերությունները նա կապում է առաջին հերթին զենք-զինամթերքի վաճառքի հետ և կարծում է, որ պետք է Հայաստանը ակտիվ միջամտություն ցուցաբերի՝ կապված այդ նոր զենքերի, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից վերջերս գնված «ԼՈՌԱ» տիպի հրթիռային համակարգի ներկրման հետ: Ադրբեջանն այդ զենքերը գնելով՝ փորձում է հավասարկշռել իր սպառազինությունը «Իսկանդերի» հետ: Սակայն ըստ Նավասարդյանի՝ սպառազինության նման մրցավազքը վատ հետևանքներ կարող է ունենալ, քանի որ Ադրբեջանը այդ ճանապարհով է փորձում լուծել իր հարցերը, ի տարբերություն Հայաստանի՝ բանակցային ճանապարհով գնալու առաջարկին:

 

 Արմինե Արմենակյան