Ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Երևանի տարբեր բժշկական հաստատություններում գտնվող վիրավորների առողջական վիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում:

 

Ըստ անհրաժեշտության հանրապետության առաջատար նեղ մասնագետների ներգրավմամբ բժշկական կոնսիլիումներ հրավիրելու նպատակով՝ ՀՀ առողջապահության նախարարություն ամեն օր տեղեկատվություն է ստացվում վիրավորների առողջական վիճակի շարժընթացի մասին: Ուշադրության կենտրոնում է վիրավորների հետագա վերականգնողական բուժման, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների ապաքինման կազմակերպումը:

 

Քառօրյա պատերազմի հետևանքով տարբեր բժշկական հաստատություններում բուժում է ստացել 125 վիրավոր, հաջորդող օրերին ընդունվել են ևս 34-ը: Մասնագետների համատեղ ջանքերով՝ արդեն 87 վիրավոր է դուրս գրվել բժշկական կենտրոններից: Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր է գնահատվում 2, իսկ ծանր՝ 6 վիրավորների առողջական վիճակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համակարգել տուժածների առողջական վիճակին վերաբերող յուրաքանչյուր հարց: Հիշեցնենք, որ խնդիրների, դժգոհությունների կամ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայություն' (+374 10) 52-88-72 հեռախոսահամարով: