Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընտրական օրենսգրքի նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:

 

 

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է, ինչն առաջացրեց ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունը: Պատգամավորները դժգոհում էին, որ նիստը նախագահողները քվեարկությունից առաջ իրենց թույլ չեն տվել ելույթ ունենալ վարման կարգի վերաբերյալ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը չէր մասնակցել, հայտարարեց, որ ԸՕ նախագիծն ընդունվել է կանոնակարգի խախտմամբ: «Մենք տեղեկություններ ունենք, որ կային խմբակցություններ, որոնք ցանկանում էին քվեարկությունից առաջ 2 0 րոպե ընդմիջում վերցնել, սակայն վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք որևէ մեկին չտրվեց»,- ասաց Զուրաբյանը:

 

 

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ օրը ցերեկով տեսախցիկների առաջ 98 պատգամավոր կողմ է քվեարկել Ընտրական օրենսգրքի նախագծին: «Ով ցանկացել է կողմ է քվեարկել, ով ցանկացել է՝ դեմ կամ ձեռնպահ: 98 մարդ կողմ քվեարկեց, էլ ի՞նչ խախտման մասին է խոսքը»,- հայտարարեց Շարմազանովը:

 

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ ընթերցեց ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան հոդվածը, ըստ որի պատգամավորները վարման կարգի վերաբերյալ կարող են ելույթ ունենալ քվեարկությունից առաջ կամ հետո: «Հիմա մենք քվեարկությունից հետո ձեզ վարման կարգի վերաբերյալ խոսելու իրավունք ենք տվել: Այնպես որ, ապատեղեկատվություն մի տարածեք: Իսկ 20 րոպե ընդմիջում վերցնել վարման կարգի հետ որևէ կապ չունի, դուք դա ցանկացած պահի կարող էիք վերցնել, սակայն որևէ մեկը մեզ նման հարցով չի դիմել մինչ քվեարկությունը»,- պարզաբանեց Նաղդալյանը: