Ազգային ժողովը թեժ քննարկումների և բանավեճերի արդյունքում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանրապետության 4 մարզում խոշորացնել համայնքները: Նախագծով համայնքների խոշորացում նախատեսվում է Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց ձորի մարզերում: Նախագծին կողմ քվեարկեց 58, դեմ՝ 21 պատգամավոր:

 

Քվեարկությունից առաջ պատգամավորները թեժ բանավեճի մեջ մտան: Նախ վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով կոչ արեց հետաձգել որոշման նախագծի քվեարկությունը, որովհետև այս փուլում խոշորացումն արդարացված չէ: «Մենք Կողբը և Բերդավանը միացնում ենք, Մեղրու 15 համայնք միավորում ենք, երբ Մեղրու տարածաշրջանը ռազմավարական նշանակություն ունի, ստեղծում ենք մեծ տարածքի վրա մեկ համայնք, ես դեմ եմ քվեարկելու»,- ասաց պատգամավորը:

 

ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը նշեց, թե հարցը քննարկել են և ներկայացրել կոնկրետ Բերդավանի և Կողբի միացումը, և Կառավարությունն ընդունել է իրենց առաջարկը և արդյունքում՝ Բերդավանն ու Կողբը մեկ համայնքում չեն միանա: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, թե Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի գյուղացիները կողմ չեն միավորման և առաջարկեց հետաձգել և վերանայել, իսկ եթե դրվի քվեարկության, ինքը դեմ կքվեարկի:

 

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, թե նախագծին կողմ է, քանի որ քաղաքական տեսակետից դիտարկելով՝ իշխող քաղաքական ուժերը հիմնականում ընտրակեղծիքները կատարում են հենց փոքր համայնքներում: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոքբելյանը հայտարարեց, թե փոքր համայնքները 1000 տարվա պատմություն ունեն, և չպետք է դրանք որոշման համաձայն կորցնել: Ըստ նրա՝ գյուղ պահելը դպրոց պահելու նման է:

 

ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը կոչ արեց Սահմանադրության կետերով շարժվել, որտեղ ասվում է, որ ԱԺ-ն պարտավոր է լսել այդ համայքների կարծիքը: Վարման կարգով խոսեց նաև ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և նշեց, թե նման նախագիծ բերում են, քանի որ Հայաստանի տնտեսական և սոցիալական պատմութունը չգիտեն: Նա նշեց, թե սա Եվրոպա չէ: «Նույնսիկ եթե 10 մարդ լինի, գյուղը պետք է պահել, դա ստատեգիական կարևոր կետ է, չի կարելի երկու կոպեկի համար նման բան անել: Դա տարաբնակեցում է կոչվում՝ պատմականորեն ձևավորված համայնքները դարձրեք ամուր բերդեր»,-ասաց նա:

 

ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հայտարարեց, թե կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից: Բագրատյանի նյարդերը տեղի տվեցին: Նա սկսեց տեղից գոռգոռալ ՀՀԿ-ական պատգամավորի վրա: Այվազյանը պահանջում էր հանգստանալ. «Հանգիստ նստի տեղդ, նստի տեղդ: Այ քեզի բան»,- նետեց Այվազյանը, սակայն Բագրատյանը շարունակում էր գոռալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ևս մի քանի անգամ պատգամավորներին հանդարտվելու կոչ արեց, սակայն աղմուկը դահլիճում չէր դադարում:

 

Հրանտ Բագրատյանը վեր կացավ տեղից և փորձում էր մոտենալ Վարդան Այվազյանին, սակայն անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը կարողացավ փակել Բագրատյանի ճանապարհը և հանդարտեցնել նրան: Մյուս պատգամավորները ևս միջամտեցին վեճը կանխելու համար: Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներից պահանջեց զբաղեցնել իրենց տեղերը և հարցը դրեց քվեարկության:

 

Քվեարկությունից հետո ևս պատգամավորները շարունակում էին աղմկել, ինչը բարկացրեց ԱԺ նախագահին: «Կամ ազատեք նիտերի դահլիճը, կամ ձեզ պատգամավորի պես պահեք»,-պահանջեց Սահակյանը: Ի վերջո, պատգամավորները հանդարտվեցին, և նիստը շարունակվեց:

 

Խորհրդարանը շարունակում է քննարկել Գյումրիի ճանապարհների հիմնանորոգման և արտաքին լուսավորության արդիականացման վարկային համաձայնագիրը: