Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանից լրագրողական «դեսանտը» վերադարձավ քիչ առաջ: Լուրեր.com-ի թղթակցիս և մեր գործընկերներին այստեղ հրավիրել էին մամուլի ասուլիսի և ճանաչողական էքսկուրսիայի:

 

 

Այս տարի նշվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 70-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների շրջանակում աստղադիտարանի ղեկավարությունն այսօր հատուկ լրագրողների համար Վ. Համբարձումյանի աշխատասենյակում կազմակերպեց մամուլի ասուլիս, իսկ ճանաչողական էքսկուրսիան այցելությունն էր աստղադիտարանի խոշորագույն 2,6 մետրանոց հայելիով աստղադիտակի շենք, ծանոթությունն այստեղի այդ ամենահզոր գործիքի հետ, ինչպես նաև այցելությունը Վ. Համբարձումյանի տուն-թանգարան:

 

 


Քիչ հետո կներկայացնենք այստեղ մեր կատարած բացահայտումը, որը փաստում է, որ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանը 2013 թվականին ազգային արժեք ճանաչելը կամ հռչակելը, այդ առումով այն Մատենադարանին հավասարեցնելը գրեթե ձևական քայլ է: Դե, իհարկե, այդպիսի որոշում կայացնելը կառավարությանը պատիվ է բերում, նաև պոպուլիստական քայլ է… Ի վերջո, մենք ջունգլիներում չենք, աշխարհում ենք, որտեղ կան նաև գիտության ու գիտնականի հարգն իմացող, հարգող, գիտնականներին մեծարող ու պատվող քաղաքակիրթ երկրներ: Իսկ այդպիսի երկրների միջավայրում ունենալ Բյուրականի նման աստղադիտարան' իր անցած փառահեղ ճանապարհով, համաշխարհային նշանակության գիտական ձեռքբերումների անուրանալի վաստակով, արդյունավետ ու խոստումնալից ներկայով, և այդ աստղադիտարանը չճանաչել ազգային արժեք, պարզապես ամոթ կլիներ: Ու կառավարությունը ճանաչել է, բայց դե մինչ այդ ու դրանից հետո գործնականում ինչպիսին է վերաբերմունքն աստղադիտարանի նկատմամբ, կներկայացնենք առաջիկա թողարկումներից մեկով:

 

 


Խնդրում ենք ճիշտ հասկանալ' աստղադիտարանի ղեկավարությունը լրագրողներին չէր հրավիրել կառավարությունից բողոքելու համար, հակառակը' հայտնեց նաև այն դրականի մասին, որ կառավարության կամ պետության կողմից իսկապես արվել է ի նպաստ աստղադիտարանի: Խոսքը մասնավորապես նրա ամենախոշոր աստղադիտակի արդիականացման մասին է: Սակայն պատասխանելով մեր հարցերին, աստղադիտարանի ղեկավարությունը պարզապես չէր կարող ստել ու թաքցնել ճշմարտությունը: Եվ ճշմարտությունն ասվեց…

 

 

Արթուր Հովհաննիսյան