Բյուրականի աստղադիտարանի ոչ բոլոր աշխատակիցներն են գոհ իրենց աշխատավարձից և աստղադիտարանի գործող տնօրեն Արեգ Միքայելյանից: Բանն այն է, որ վերջինս աշխատակիցների մի մասին գրանցել է կես դրույքով, ինչն էլ դարձել է նրանց դժգոհության պատճառը, քանի որ ըստ աշխատողների՝ իրենք աշխատում են ողջ օրը, սակայն վարձատրվում են իրենց աշխատանքին անհամապատասխան: Աստղադիտարանի գիտաշխատող Գաբրիել Օհանյանը և իր գործընկեր Անահիտ Եղիազարյանը դիմել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ չվճարված 681 հազար 430 ՀՀ դրամ աշխատավարձը ստանալու համար:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գաբրիել Օհանյանը նշեց, որ դեռևս 2018 թվականի փետրվարին տնօրենը նրանց գրանցել է կես դրույքով աշխատող՝ պատճառաբանելով, որ արդյունավետ չեն աշխատում կամ չեն հաճախում աշխատանքի. «Բայց եթե չի հաճախում այդ աշխատողը, թող հեռացնեն աշխատանքից: Նա ասաց՝ հոդված չունեք, բայց մենք անցել ենք ատեստավորում, հանձնաժողովը գտել է, որ ես պետք է գիտաշխատողի պաշտոնը զբաղեցնեմ: Ըստ այդմ՝ ես չեմ բացակայել, նա իրավունք չուներ կես դրույք դարձնել: Ես նրան զգուշացրել եմ, որ դատական հայց եմ ներկայացնելու ու նա ինձ ասաց՝ «քեզ կհեռացնեմ, եթե դատական հայց ներկայացնես»»,-ասաց Օհանյանը:
Օհանյանի կարծիքով, տնօրեն Արեգ Միքայելյանը նախկին համակարգի արտացոլանքն է, և իրեն կես դրույքով աշխատող դարձնելը ապօրինի է: Նա, հղում անելով աշխատանքային օրենսդրությանը՝ նշեց, որ կես դրույքով կարող էր աշխատել այն դեպքում, երբ որպես գիտաշխատող՝ նաև այլ վայրում աշխատելիս լիներ. «Ես ամեն օր այստեղ եմ՝ ի տարբերություն տնօրենի, որ ամեն չորեքշաբթի հայտարարել է ակադեմիական օր և այստեղ մարդ չի լինում՝ միայն ես և մի քանի երիտասարդ գիտաշխատող ենք լինում»,- ավելացրեց Գաբրիել Օհանյանը:
Այլ մեկնաբանություն ունեն Բյուրականի ղեկավար անձնակազմից: Մեզ հետ զրույցում Բյուրականի կադրերի բաժնի վարիչ Մայրանուշ Զոհրաբյանը նշեց, որ տնօրենի՝ նման որոշումը պայմանավորված է եղել աշխատողների ոչ արդյունավետ աշխատանքով. «Աշխատավարձերի խնդիրն աբսուրդ է: Փետրվար ամսից՝ հրամանով տնօրենը կես դրույքի է նրանց անցկացրել, քանի որ որակավորում է անցացվել և պարզվել է, որ իրենք արդյունավետ գիտաշխատողներ չեն, հոդվածներ չունեն տպագրված, որ հասնի մեկ դրույքի»,- ասաց Զոհրաբյանը և հավելեց, որ բոլոր գիտաշխատողները ստանում են իրենց հասանելի աշխատավարձը, և ստանում են ժամանակին. «Նրանք կես դրույքի աշխատանք են իրականացնում, բայց պահանջում են լրիվ դրույքի աշխատավարձ»:
Վերջինս՝ խնդիրը դատարանում լուծելու անհրաժեշտություն չի տեսնում, առավել ևս, անօրինականություն չի տեսնում տնօրենի որոշման մեջ: