Շնող համայնքի բնակիչները, որոնց թվում են «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցներ՝ այսօր՝ հունիսի 11-ին, փակել են գործարան տանող ճանապարհը. բողոքի ակցիա են իրականացնում՝ գործարանը վերաբացելու պահանջով:
Թեղուտ և Շնող համայնքների բնակիչները պահանջում են, որպեսզի ապրիլի 1-ից գործարանից հեռացված աշխատակիցներին վերականգնեն աշխատանքի, ինչպես նաև, որ այնտեղ աշխատեն միայն նշված համայնքների բնակիչները, քանի որ հանքը գտնվում է իրենց գյուղում և իրենց հողատարածքներն են օգտագործվում:
«Վարկ ենք վերցրել, որ մեր տները սիրունացնենք, հիմա հանքը փող չի տալիս, որ փակվենք: Հանքը փակել են, բայց մի 200 հոգի աշխատում ա, ուրիշ տեղից են գալիս, թող դրանց հանեն, մեզ դնեն աշխատանքի, թող տանեն մեզ սովորացնեն, մենք ամեն ինչ անում ենք: Մի ժամանակ սունկ էինք հավաքում, աղայավարի ապրում, հիմա հողերը առան, թող բերեն մեզ փող տան, որ կարենանք ապրենք»,- իրենց դժգոհությունն են հայտնում համայնքի կանայք:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանընշեց, որ այս պահին ակցիան շարունակվում է և քննարկումներ են անցկացվում կողմերի միջև:
Հիշեցնենք՝ ամիսներ առաջ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել էր գործունեությունը: Նրանք պատճառաբանում էին, թե անցնում են տեխնիկական վերազինման, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, պատճառը պոչամբարի վնասված լինելն է: