Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետի մուտքի մոտ հավաքվել են ԱՊՊԱ իրականացնող ընկերությունների աշխատակիցները և բողոքում են անհավասար պայմաններից, որի արդյունքում անգործ են մնացել։ Բանն այն է, որ հունվարի 1-ից Բագրատաշենի մաքսակետի տարածքում ավտոմեքենաների ապահովագրություն է կատարում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, իսկ մաքսակետի հարակից տարածքում տարիներ շարունակ գործող ապահովագրական 6 ընկերությունների 70-80 աշխատող գործազուրկ են մնացել: 

Ինչպես երեկ, այսօր ևս ապահովագրություն կատարող ընկերությունների աշխատողները փակել են Բագրատաշենի մաքսակետի ճանապարհը և պահանջում են, որ իրենց հանդիպեն այն պաշտոնյաները, ովքեր ձեռնարկել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին մաքսակետի տարածքում գրասենյակ տրամադրելու գործը: 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հասարական գործիչ Վարուժան Բաբաջանյանը պարզաբանեց, որ խնդիրն այն է, որ պայմանագիր է կնքվել ԱՊՊԱ իրականացնող մի ընկերության հետ, որը կարող է ցանկացած ապահովագրական ծառայություն մատուցել․ «Ստացվում է, որ բոլոր մեքենաները, որոնք մտնում են մաքսատան տարածք, պետք է օգտվեն այդ ընկերության ծառայություններից, մինչդեռ այդ տարածքում գործում են մի քանի տասնյակ ձեռնարկատերեր, ովքեր, փաստորեն, մնում են գործազուրկ։ Պետք է ստեղծվեն հավասար պայմաններ, ոչ թե մեկին տան բացարձակ գերակա դիրք, իսկ մյուսներին՝ ոչինչ։ Պետք է ստեղծվեր կառույց, որտեղ հնարավորություն կլիներ, որ տենդերի միջոցով մի քանի ընկերություններ այդ գործառույթն իրականացնեին, իսկ այսօր ստեղծվել է մոնոպոլ դաշտ, և մյուս փոքր տնտեսվարողները զրկվում են իրենց հացից»,- ասաց նա։

 

 

 

 

 

 

Նա նշեց, որ պետական գույքի կառավարման վարչությունը մաքսակետի տարածքում 11.6 քառակուսի մետր մակերեսով տարածքը աճուրդով, 10 տարի ժամկետով, ամսական 25 հազար դրամ վարձավճարով տրամադրել է «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին․ «Կասկածելի ցածր է մաքսակետի նշված տարածքի վարձակալության ամսական 25 հազար դրամ վճարը, երբ մաքսակետի հարակից տարածքում ամսական վարձակալության վճարը 150 հազար դրամ է մյուս գործունեություն իրականացնողների համար»։ 

Հարցին՝ ի վերջո պաշտոնատար անձինք, ովքեր ձեռնարկել են «Թոփ-Սփին» ՍՊԸ-ին մաքսակետի տարածքում գրասենյակ տրամադրելու գործը, հանդիպեցի՞ն բողոքի ակցիայի մասնակիցներին, Բաբաջանյանը պատասխանեց․

«Երբ մարդիկ ժամերով կանգնում են փողոցում, մաքսատան ղեկավարությունը և այդ գործընթացն իրականացնող մարդիկ պետք է կոմպոնենտ անձ տրամադրի, ով մտքեր կփոխանակի, կբանակցի, փաստաթղթեր կփոխանակի։ Սակայն տորացուցիչ է, երբ ոչ ադեկվատ, հարցին ոչ տեղյակ մարդիկ գալիս և սկսում են բացատրություններ տալ։ Ես ինքս հորդորել եմ ակցիա իրականացնողներին՝ ասելով, որ միջպետական ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ, բայց ի՞նչ անեն մարդիկ, ժամերով արհամարհված կանգնե՞ն։ Ես փորձում եմ կապեր հասատատել համապատասխան պատասխանատու անձանց և բողոքող աշխատակիցների միջև, տեսնենք՝ ինչպես հարցը կլուծվի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք չէ մոռանալ, որ գործ ունեն սահմանամերձ տարածքի հետ, որտեղ, փաստորեն, 30-35 տարեկան երիտասարդներն անգործ են մնում։

Նշենք, որ այսօր բողոքի ակցիայի մասնակիցները խնդրի վերաբերյալ էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել վարչապետ Կարեն Կարապետյանին և Պետական գույքի կառավարման վարչություն: Նրանք պահանջում են դադարեցնել «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գործունեությունը՝ մինչև խնդրի լուծումը: 


Սոնա Հարությունյան