Օհանավան համայնքի բնակիչները փակել են դեպի Օհանավան տանող ճանապարհը: Նրանք հայտարարում են, որ չեն կարողանում իրենց ապրանքն արտահանել Ռուսաստան:
Գյուղացիների խոսքով՝ իրենց արտադրանքը՝ խնձորը, սահմանին համարել են թուրքական. «Կարկուտի խփած ապրանքը, ասում են՝ թուրքական է»,- նշում են գյուղացիները:
Օհանավանցիներից մեկը նշեց, որ հանդիպել են մարզպետին և նա զանգահարել է վարչապետին: Վերջինս հանձնարարել է լուծում տալ խնդրին, սակայն օհանավանցիներից շատերը թերահավատ են. ասում են, որ նույնիսկ նախարարները հայտարարել են, թե այդ հարցն իրենց ուժերից վեր է:
Գյուղացիներից մեկը նշեց, որ 10 տարի է՝ ինքն այս գործով է զբաղվում և խնդիրներ միշտ էլ եղել են. «Միշտ էլ խնդիրներ առաջանում են Լարսում, բայց դրանք լուծվում են գումարով: Մինչեւ վաղն առավոտ կսպասենք. եթե նորմալ պատասխան ստանանք՝ կգնանք Բագրատաշեն՝ մեր բերքի մոտ: 11 օր է՝ մեքենաները կանգնած են, բերքը փչանում է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ եթե խնդրին լուծում չտրվի՝ կշարունակեն բողոքը: