Իսպանիայի թագավորության ևս երկու քաղաք լրացրեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքների շարքը: Ապրիլի 28-ին Էլդա և Ալակուաս քաղաքների խորհրդի նիստերը ճանաչեցին Արարատ Հայկական Միության միջնորդագրի հիման վրա «Ձախ Միություն» կուսակցության կողմից ներկայացրած բանաձևը, որով այս երկու քաղաքները պաշտոնապես ճանաչում են 20-րդ դարի ոճրագործությունը՝ որակելով այն որպես ցեղասպանություն: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Իսպանիայից փոխանցեց Արարատ Հայկական Միության հիմնադիր-նախագահ Արարատ Ղուկասյանը։ 

 

Ըստ այդմ՝ Էլդայի քաղխորհրդի կազմում գտնվող 6 կուսակցություններից 5-ը կողմ են քվեարկել բանաձևին, մեկը՝ «Սիուդադանոս» կուսակցությունը՝ դեմ: Այստեղ նիստին ներկա է գտնվել Էլդայում «Արարատ Միության» մասնաճյուղի նախագահ Անահիտ Օհանյանը, ով ողջ իսպանահայության անունից իր շնորհակալական խոսքն ուղղեց ուղղել քաղխորհրդին և հորդորեց հարցը տեղափոխել այլ ատյաններ:

 

Ալակուասի դեպքում 6 կուսակցություններից 2-ը՝ «Սիուդադանոսն» ու «Ժողովրդական» կուսակցությունը ձեռնպահ են քվեարկել, իսկ ահա մյուս 4 կուսակցությունները՝ իշխող «Սոցիալիստական» կուսակցությունը, «Կոմպրոմիսը», «Պոդեմոսն» ու բանաձևի հեղինակ «Ձախ Միությունը»՝ կողմ: Ալակուասի քաղխորհրդի նիստին ներկա էին քաղաքի, Մանիսեսի և Միսլատայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ միության նախագահ Արարատ Ղուկասյանի գլխավորությամբ: Վերջինս էլ ողջ հայության անունից շնորհակալություն հայտնեց խորհրդականներին` ձեռնպահ մնացածներին հայտնելով, որ ցեղասպանությունը չճանաչելը նշանակում է երկրորդ անգամ սպանել և հորդորել այլ ցեղասպանություններ իրագործել:

 

Արարատ Ղուկասյանի փոխանցմամբ՝ Ալակուսում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին փորձել է միջամտել և խափանել Իսպանիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, ով հանդիպում է ունեցել քաղաքապետի հետ և հորդորել հետ կանչել բանաձևը:

 

Սակայն «Ձախ Միության» խոսնակ Կարոլինա Պինոն հաստատակամ է գտնվել որոշման մեջ, որի արդյունքը եղավ Ցեղասպանության ճանաչումը։ Այսպիսով, Իսպանիայում արդեն 17 քաղաք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:

 

Քրիստինա Աղալարյան