Որոշ պաշտոնյաների ագահությունը չափուսահման չունի: ՀՀ կառավարությունը ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը 2013թ. հռչակել է ազգային արժեք: Հրաշալի է, դրվատանքի միանգամայն արժանի քայլ, որն ավելի վաղ պետք է արվեր, բայց լավ է, որ գոնե 3 տարի առաջ է արվել: Սակայն եթե կառավարությունն իսկապես ազգային արժեք է համարում Բյուրականի աստղադիտարանը, ապա նրա նկատմամբ չպետք է լիներ այն վերաբերմունքը, որն եղել է մինչ այդ: Նաև` դրանից հետո, եթե նկատի ունենանք կառավարության անտարբերությունն այն գործողությունների նկատմամբ, որոնք խանգարում են աստղադիտարանի աշխատանքին:
«Որպեսզի դուք պատկերացնեք, թե իրադրությունն իրականում ինչպիսին է, տեղեկացնեմ, որ սրանից 5 տարի առաջ մենք հանկարծ հայտնաբերեցինք, որ կառավարության որոշմամբ այն աստղադիտարանի շրջակայքի հողը (խոսքն իր ներսում աստղադիտարանի ամենամեծ դիտակն ունեցող շենքի շրջակայքի հողի մասին է.- ծ. հ.), որտեղ դուք եղել եք, տրված է գյուղին,- երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը:- Այսինքն՝ առանց ակադեմիայի և առանց Բյուրականի աստղադիտարանի իմացության, 50-ական թվականներին կառավարության որոշումով աստղադիտարանին հատկացված հողը հանկարծ տրվել էր գյուղին, այն ընդհանրապես դառնալու էր շինարարական վայր: Դա եթե ֆինանսներով արտահայտենք, եթե ինչ-որ մեկը վաճառեր այդ հողը, ապա, կոպիտ ասած, մեկուկես-երկու միլիոն դոլարի գործ էին արել: Մեզ հաջողվեց կառավարության որոշումը չեղյալ հայտարարել և հանել այդ տարածքը գյուղին պատկանող հողերի ցուցակից»:
Հայկ Հարությունյանի տեղեկացմամբ՝ այդպիսի բան է եղել նաև գյուղից վերև, Սարավանդում, այնտեղ, որտեղ կատարվող աշխատանքների հետ կապված միջկառավարական պայմանագիր կա կնքված (միջկառավարական պայմանագիրը «Ռոսկոսմոսի» հետ համագործակցության վերաբերյալ է): Ըստ տնօրենի, այստեղ որոշ հողեր վաճառել են արդեն, իրենք դեռևս պայքարում են ավելի ակնհայտ ու ճչացող խախտումների դեմ:
«Մի բան ակնհայտ է՝ մենք ունենք Հայաստանում այնպիսի մի աստղադիտարան, որի նմանն առաջիկա 50 տարվա ընթացքում հաստատ հնարավորություն չենք ունենա կառուցել,- ասաց Հայկ Հարությունյանը:- Այսինքն՝ մենք ինքներս ու մեր հասարակությունը, եթե ցանկանում ենք Հայաստանն, այնուամենայնիվ, պահել որպես գիտական մտքի կենտրոն, որպես մի երկիր, որը ոչ թե միայն սեղանիկների վրա բան է վաճառում, այլև գիտության, մշակույթի ոլորտի արդյունք է տալիս, ապա պարտավոր ենք պայքարել դրա համար: Ինչքան է մեզ դա հաջողվում, դա արդեն այն մարդկանց գիտակցությունից ու կամքից է կախված, ովքեր որոշումներ են կայացնում:
Մեզ մոտ, ցավոք, հակառակ ուղղությունը համարվում է ուղիղ ուղղություն, որովհետև հենց սկզբից հաշվում են, թե դրանից ինչ անձնական օգուտ ունեն, հետո նոր որոշում կայացնում, առանց հաշվի առնելու, թե դրանից հասարակությանն ինչ վնաս կարող է գալ:
Ձեզ այստեղ հրավիրելու նպատակը նաև այն է, որ հասարակությանը հասցվի այն, ինչը կարևոր է մեր հանրության համար, հասցնել այն բանը, որ գոյություն ունի Բյուրականի աստղադիտարան, գոյություն ունի գիտական մի կենտրոն, որն իսկապես ազգային արժեք է հռչակվել, ու դա պետք է պահպանել, պահպանել ապագա սերունդների համար»:
Ի դեպ, Բյուրականի աստղադիտարանը, բացի ազգային արժեք լինելուց, անցյալ տարի Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Սակայն եթե Արագածոտնի մարզպետարանում ու կառավարությունում հասկացած լինեին նրա ազգային արժեք ու տարածաշրջանային աստղագիտական կենտրոն լինելը, ապա չէր լինի այն, ինչի մասին վերևում գրված է:
Արթուր Հովհաննիսյան