Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը պատգամավորներից պահանջել է վերջին շրջանում առաջնագծում ռազմական գործողություններում ադրբեջանական կողմի կորուստների և բանակում թերությունների մասին չխոսել:

 

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ասադովը պատգամավորներին հորդորել է իրենց հայտարարություններում և ելույթներում զերծ մնալ նման մեջբերումներից, որոնք, իր խոսքով՝ «կարող են վատ արդյունքներ ունենալ»:

 

 

Նա պատգամավորներին խորհուրդ է տվել առաջնագծում իրադարձությունների վերաբերյալ ելույթներում «զգույշ լինել»:

 

 

Ասադովն ասել է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցչական պատվիրակությունների ղեկավարներ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս են կարծում, ինչն, իր խոսքով՝ «խայտառակություն է»: Դրա հետ կապված՝ նա ադրբեջանցի պատգամավորներին հանձնարարել է նամակներ հղել արտասահմանյան երկրների հետ միջխորհրդարանական բարեկամական խմբերի իրենց գործընկերներին և նրանց հասցնել «ճշմարտությունը»:

 

 

Օգթայ Ասադովը նման կոչով դիմել է նաև լրատվական կայքերի և սոցիալական ցանցերի օգտատետերին:

 

 

«Հայերն այդ ուղղությամբ լավ են աշխատում: Մենք պետք է ընդլայնենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները»,- ասել է նա: