ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ և ծանոթացել արդյունաբերողների խնդիրներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից, պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ներկայացրել է նոր տնտեսահարաբերություններում համակարգի հրատապ անելիքները: Նա մասնավորեցրել է արտահանման առաջնահերթ խնդիրը՝ Հայաստանի ձեռնարկությունները աշխատում են փոքր հզորություններով, և հնարավոր չէ արտերկրի խոշոր ընկերությունների ու շուկաների հետ մեծաքանակ արտահանումների պայմանագրեր կնքել։ Անհրաժեշտ են նոր մոտեցումներ։

 

 

Մտահոգության վերաբերյալ նախարարը, ներկայացնելով տնտեսության զարգացման հայեցակարգային առաջնահերթությունները, հատկապես կարևորել է նախաարտահանման և հետարտահանման ապահովագրության կատարելագործումը, փոքր բիզնեսի պաշտպանվածության գործոնը: Նա կարևորել է արտահանման աջակցման գործիքակազմի կատարելագործումը, Տնտեսական պաշտպանության հանձնաժողովի և գործին առնչվող առանձին կառույցների ինքնավարացումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, արտերկրում ցուցահանդեսների ակտիվ մասնակցությունը և այլ հարցեր։

 

 

Իրատեսական և շահեկան քննարկումների ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար հանդիպել ամեն ամիս, համակարգել բոլոր կարևոր դիտողություններն ու առաջարկությունները, նախապես ներկայացնել նախարարին, որպեսզի հաջորդ հանդիպմանը ամեն ինչ լինի կոնկրետ և հասցեական։