ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Դարեր շարունակ աշխատանքն ու աշխատասիրությունը մեր ժողովրդի համար ազգային առանձնահատկություն են եղել, իսկ աշխատանքի միջոցով արժեքների ստեղծումը դարձել է ազգային նկարագրի անքակտելի բաղադրիչը:
Մեր առջև այսօր ծառացած է արժանապատիվ և կայուն զբաղվածության ապահովման խնդիր, որի լուծմանն են ուղղված կառավարության կողմից զբաղվածության ոլորտում իրականացվող համակողմանի բարեփոխումները: Մենք փորձում ենք պետական ակտիվ աջակցությամբ և անհատական կարիքի գնահատման հիման վրա աշխատաշուկայում խթանել անմրցունակ անձանց ինքնազբաղվածությունը:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ վերջին տարիներին շատ մարդիկ պետական աջակցությամբ գտել են իրենց հմտություններին և ունակություններին համապատախան աշխատանք և հաղթահարել են գործազրկությունը: Այդ իսկ պատճառով մենք չպետք է ընկրկենք դժվարությունների առջև և պետք է հնարավոր բոլոր միջոցներով փորձենք գտնել մեր երկրում աշխատանքով բարիք ստեղծելու, սեփական գիտելիքները խորացնելու, ունակությունները մշտապես զարգացնելու արդյունավետ ուղին:
Աշխատանքի օրվա կապակցությամբ, բոլոր աշխատավորներին մաղթում եմ հաջողություններ իրենց ստեղծագործ ու նորարար նախաձեռնություններում, իսկ մեր հայրենիքին' խաղաղություն և արևշատություն: