Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները համաձայնագիր էին ստորագրել, ըստ որի՝ մեր երկրին 200 միլիոն դոլարի չափով պետական արտահանման վարկ է տրմադրվում ռուսական զենք գնելու համար:
Այսօր լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այդ գործընթացը վաղուց է սկսված, իսկ թե ինչ է մատակարարված, ինչքանով է մատակարարված չի կարող ասել:
«ՀՀ ԶՈւ-ն նոր զինտեխնիկայով համալրվելու ծրագիրը կապ չունի միայն ռուսական վարկի հետ: Դա չի սկսվել ռուսական վարկով և չի ավարտվում միայն այդ վարկով: Դեռ տարիներ առաջ բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ-ն զգալի մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր ձեռք բերել: Դրանից հետո, երբ հարցնում էին զենքերի տեսակների մասին, չասելով անուն, մենք նշում էինք, որ մեր զինանոցում կան զենքեր՝ անգամ աշխարհի ամենառաջատար պետություններից շատերի համար երազելի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ թե երբ կլինի այդ վարկային շրջաններում ամբողջ զինանոցի մատակարարումը, ասելու իրավունք չունի, դա գաղտնիք է, բայց շեշտեց, որ թե՛ այդ վարկով, և թե՛ այդ վարկից դուրս, զենք-զինամթերի համալրումը չընդհատվող, մշտական գործընթաց է: